Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոնղոլական «Օնոոդոր» թերթին տված
գրավոր հարցազրույցում Մոնղոլիայի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է
Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
«Հիշեցնեմ, որ մեր երկիրն աշխարհում առաջինն է ճանաչել Մոնղոլիայի անկախությունը 1921 թվականին և երկար ժամանակ մնացել է նրա ինքնիշխանության և անվտանգության միակ երաշխավորը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն «արձագանքում է Մոնղոլիայի խնդրանքներին» արտոնյալ գներով վառելիքի և քսանյութերի մատակարարման վերաբերյալ։
Անդրադառնալով Ուկրաինայի թեմային՝ Պուտինն
ասել է, որ Ուկրաինայի ստեղծման գործընթացը սկսվել է 1917 թվականի
հեղափոխությունից անմիջապես հետո, երբ այս տարածքում առաջացան անկայուն և կարճատև
քվազիպետական կազմավորումներ՝ առանց հստակ սահմանների. «Հետագայում ԽՍՀՄ կազմում գտնվող միութենական հանրապետությունների սահմանները բավականին կամայականորեն
են կտրվել ՝ ելնելով «պրոլետարական անհրաժեշտությունից»... Պետք է հասկանալ, որ սովետական
առաջնորդները գործում էին իրենց ժամանակի աշխարհաքաղաքական իրողությունների
պայմաններում՝ չենթադրելով, որ ԽՍՀՄ-ը կդադարի գոյություն ունենալ և կփլուզվի
արհեստականորեն գծված ներքին վարչական սահմաններով»։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Ուկրաինայում ողբերգության հիմնական պատճառը հավաքական
Արևմուտքի հակառուսական քաղաքականությունն է, և Ուկրաինան դարձել է մանրադրամ Արևմուտքի
աշխարհաքաղաքական նկրտումների իրականացման գործում. «Արևմուտքը ֆինանսավորեց
ազգայնական և հակառուսական կազմակերպություններին, ներդրեց այն հայեցակարգը, թե Ռուսաստանի Դաշնությունն իբր Ուկրաինայի հավերժ թշնամին է»։
«Ռուսաստանը կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները հատուկ գործողության
շրջանակներում՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։