«Մենք մինչև հիմա սովետական զենք ենք օգտագործում. եթե դա էլ չլիներ, ապա վերջ». Մեդվեդև

Ռուսաստանը Ուկրաինայում «ռազմական գործողության ակտիվ մասն» ավարտելուց հետո պետք է երկար ժամանակ «շատ զգալի ծավալներով» զենք արտադրի, որը համեմատելի կլինի ԽՍՀՄ-ի ժամանակ 1945 թվականից հետո եղածի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։


«Մենք դեռ... օգտագործում ենք այդ նույն պաշարը: Եթե դա էլ չլիներ, ապա վերջ»,- Մեդվեդևի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։


Խոսելով Ուկրաինայում պատերազմի մասին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հույս է հայտնել, որ այն շուտով կավարտվի։


Ամբողջ աշխարհն Ուկրաինային զենք է մատակարարում, իսկ Ռուսաստանը «ինքնաբավ է», շարունակել է Մեդվեդևը, բայց այժմ «ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է» մատակարարումների հարցում։ «Կատարյալ չէ, քանի որ կատարյալ չի լինում, բայց ընդհանուր առմամբ բարեհաջող է»,- հայտարարել է նա: