ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պնդում է, որ
ՌԴ նախագահի աշխատակազմը չի խնդրել իր աշխատակիցներին հեռացնել նամակագրությունը
Telegram-ից այն պատճառով, որ Ֆրանսիայում կալանավորվել է Telegram-ի հիմնադիր
Պավել Դուրովը։ Այս մասին Պեսկովն ասել է օգոստոսի 27-ին լրագրողների հետ
ճեպազրույցում։
«Նամակագրությունը մաքրելը կատարյալ հիմարություն է. սա առաջին։ Երկրորդ. պետական ծառայողները, տեսականորեն, չպետք է օգտագործեն մեսենջերները ծառայողական նպատակներով, քանի որ ոչ մի մեսենջեր հուսալի չէ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից, և Telegram-ը նույնպես: Հետևաբար մենք (նախագահի)
աշխատակազմում ոչ մի մեսենջեր չենք օգտագործում ծառայողական նպատակներով, քանի որ
դա պարզապես կլիներ ծառայողական կանոնների և ծառայողական
էթիկայի խախտում։ Ուստի այստեղ ոչ ոք ոչ մեկին
որևէ բան մաքրելու կոչ չի անում»: Այսպես է Պեսկովը պատասխանել
լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը շարունակո՞ւմ է օգտագործել Telegram-ը, և արդյոք վարչակազմի աշխատակիցներին խնդրե՞լ են հետացնել նամակագրությունը։
Լրագրողը, տալով իր հարցը, նշել է, որ Դուրովի
ձերբակալությունից հետո մտավախություն է առաջացել, որ «գուցե բաց է հասանելիությունը
Telegram-ի սերվերներին, այդ թվում՝ ռուս պաշտոնյաների նամակագրությանը»։
Օգոստոսի 25-ին Baza Telegram ալիքը, հղում անելով
աղբյուրներին, հաղորդել է, որ իշխանությունները հրահանգել են տարբեր
գերատեսչությունների պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահի աշխատակազմին, ինչպես նաև
որոշ խոշոր գործարարների ջնջել պաշտոնական նամակագրությունը Telegram-ից: Նույն
օրը ռուս պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ «բոլոր նրանք, ովքեր
սովոր են Telegram-ն օգտագործել զգայուն խոսակցությունների/նամակագրության համար,
պետք է հենց հիմա ջնջեն այդ նամակագրությունը և այլևս այդպես չանեն»։