«Մենք պատրաստ ենք աջակցել պարոն Դուրովին, բայց իրավիճակը բարդ է՝ նա նաև Ֆրանսիայի քաղաքացի է». Պեսկով

Փարիզում կալանավորված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործը կարող է համարվել քաղաքական, եթե Ֆրանսիայի իշխանությունները չկարողանան լուրջ ապացույցներ ներկայացնել ձեռնարկատիրոջ հասցեին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Առաջադրված մեղադրանքներն իսկապես շատ լուրջ են, դրանք պահանջում են նույնքան լուրջ ապացուցողական բազա,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։- Հակառակ դեպքում առկա կլինի հաղորդակցության ազատությունը սահմանափակելու ուղղակի փորձ և, նույնիսկ կարելի է ասել, ուղղակի ահաբեկում խոշոր ընկերության ղեկավարին։ Այսինքն՝ առկա կլինի հենց քաղաքականությունը, որի ներկայությունը այս պատմության մեջ երեկ հերքեց պարոն (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնը»։


Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Դուրովին որպես ՌԴ քաղաքացի, սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ ձեռնարկատերը ունի նաև Ֆրանսիայի քաղաքացիություն։


«Մենք հուսով ենք, որ պարոն Դուրովն ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները իր իրավական պաշտպանությունը կազմակերպելու համար։ Բնականաբար, հաշվի առնելով նրա ՌԴ քաղաքացիությունը, մենք պատրաստ ենք ցուցաբերել բոլոր անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը, բայց այստեղ իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ նա նաև Ֆրանսիայի քաղաքացի է»,- եզրափակել է Պեսկովը։