Ռուս զինվորականները երկրորդ օրն է՝ անընդմեջ զանգվածային հարվածներ
են հասցնում Ուկրաինային «Շահեդ» դրոններով և «Կինժալ» հրթիռներով։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Կրիվոյ Ռոգի հյուրանոցներից մեկում ռուսական հրթիռը սպանել է երկու մարդու, հինգը վիրավորվել են, ևս երկուսը հնարավոր է լինեն փլատակների տակ։ «Ավրորա» հյուրանոցը, որը խոցվել է ռուսական բալիստիկ հրթիռով, գտնվում է Կրիվոյ Ռոգի կենտրոնում։ Դրա կողքին կան առևտրի կենտրոն, խանութներ, ռեստորան, հարևանությամբ քաղաքային խորհրդի և քաղաքապետարանի շենքն է։
Զապորոժիեում «Շահեդների» հարվածներից մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Պայթյուններից հետո հրդեհներ են բռնկվել Կիևի երկու շրջաններում։ Նախնական տվյալներով՝ անօդաչուները յոթ հարված են հասցրել Զապորոժիե քաղաքին և Զապորոժիեի շրջանին։ Պայթյունի ալիքը և դրոնների բեկորները վնասել են առանձնատներ, գրանցվել են բռնկումներ։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը 208 հարված են հասցրել Զապորոժիեի մարզի 14 բնակավայրերին, հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի օրինական ղեկավար Իվան Ֆեդորովը։
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները դեռ չեն ներկայացրել Ռուսաստանի
Դաշնության կողմից գիշերային օդային գրոհների հետևանքները։