Պատանդներ, զոհեր, վիրավորներ՝ Վոլգոգրադի թիվ 19 գաղութում. Ինչ են պահանջում պատանդառու բանտարկյալները

Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդներ են վերցրել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ «ՌԻԱ Նովոստի»-ն և ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դաշնային քրեակատարողական ծառայությանը։


Պատանդառությունը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հարձակմանը մասնակցել է առնվազն երեք բանտարկյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։


Վոլգոգրադի գաղութում պատանդ վերցրած բանտարկյալները ցանկանում են, որ ուղղաթիռը վայրէջք կատարի հենց գաղութի բակում և նրանց տեղափոխի Վրաստան, ինչպես նաև 2 մլն դոլար, պնդում են ռուսական հեռագրային ալիքները։ Հետապնդման դեպքում նրանք սպառնում են սպանել բոլոր պատանդներին։


Հաղորդվում է նաև, որ բանակցությունների համար գաղութ է բերվում տեղացի մոլլա։


Baza-ի տեղեկություններով՝ չորս մարդ պատանդ է վերցվել։ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաստատել է մեկ աշխատակցի մահը։ Baza-ն հայտնում է երեք զոհի և առնվազն երկու վիրավորի մասին։


Baza-ն գրում է, որ հարձակվողները հայտարարել են, որ պատկանում են ԴԱԻՇ-ին, սակայն այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։


Գաղութ  տանող ճանապարհը արգելափակված է, հաղորդում է REN հեռուստաալիքը։


Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Վոլգոգրադի թիվ 19 գաղութում տիրող իրավիճակի մասին։