Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Ավելի վաղ Պուտինը, պետական ​​այցով գտնվելով Ադրբեջանում, հայտարարել էր, որ այցից հետո կապ կհաստատի Հայաստանի վարչապետի հետ և կպատմի Բաքվում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին։


«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումը շարունակվել է, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու կատարած պետական ​​այցի ընթացքում։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցերում», - ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


 

Դրանում ասվում է նաև, որ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում նշվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։