Ուկրաինայի ԶՈՒ-ն այս գիշեր փորձել է հարվածել Կուրսկի ատոմակայանին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական բանակը փորձել է գրոհել Կուրսկի ատոմային էլեկտրակայանը Կուրսկի մարզի Կուրչատով քաղաքում։ Այս մասին նա ասել է այսօր Ուկրաինային սահմանակից տարածաշրջաններում տիրող իրավիճակի կապակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակել է Կրեմլի Telegram-ալիքը։


«Այսօր գիշերը հակառակորդը փորձել է հարվածներ հասցնել (Կուրսկի) ատոմակայանին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացված է, նրանք խոստանում են գալ, մասնագետներ ուղարկել՝ իրավիճակը գնահատելու համար։ Հուսով եմ, որ վերջիվերջո դա կարվի նրանց կողմից»,- ասել է Պուտինը։


Անկախ հաստատումներ չկան առ այն, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կուրսկի ԱԷԿ-ի վրա։


Կուրսկի ԱԷԿ-ի և «Ռոսատոմի» ներկայացուցիչները չեն մեկնաբանել ատոմակայանի վրա հարձակման փորձի մասին հաղորդագրությունները։