Ադրբեջանը բանակցային պրոցեսներում կորցրեց «Զանգեզուրի միջանցք» ստանալու հնարավորությունը

«ՌԴ-ում անհանգստացած են, որ եթե աշնանը ստորագրվի խաղաղության պայմանագիր ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, ապա կվերանա կոնֆլիկտը, ու ՌԴ-ն այլևս չի կարողանա կոնֆլիկտների միջոցով ՀՀ-ի ու Ադրբեջանի վրա ազդել, իսկ եթե խաղաղության պայմանագրից դուրս է մնում ապաշրջափակման գործընթացը, ապ ՌԴ-ն չի ստանում նաև Սյունիքով անցնող այդ ճանապարհը»: Այս մասին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ՀՀ-ն սաբոտաժի է ենթարկում Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։


Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցային պրոցեսներում կորցրեց «Զանգեզուրի միջանցք» ստանալու հնարավորությունը. «ՀՀ-ն պետք է կարողանա լուծել խաղաղության ու ճանապարհների ապաշրջափակման խնդիրները։  Հետագայում եթե հնարավորություն լինի, ապա պետք է փորձել նաև բարձրաձայնել արցախահայերի վերադարձի խնդիրը, որը Արևմուտքը չի մոռացել»։


Սաֆարյանը նշեց, որ ըստ տեղեկությունների՝ հենց Վլադիմիր Պուտինն է Էրդողանին խոստացել  «Զանգեզուրի միջանցքը», և ռուսները ասում են, որ Ալիևը չստորագրի խաղաղության պայմանագիրը. «ՀՀ-ն ռուսական ֆորմատ վերադառնալու որևէ տարբերակ չունի, քանի որ դա կործանարար կլինի Հայաստանի համար։ Այստեղ հարցը այն է, թե արդյոք ԱՄՆ-ն բավարար ճնշումներ կգործադրի՞ Ադրբեջանի վրա, որպեսզի խաղաղության պայմանագիրը Ալիևը ստորագրի»։


Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ-ն վերադարձ չունի ՀԱՊԿ, քանի որ այնտեղ բոլորը մեր թշնամու գործընկերներն են։ Ինչ վերաբերում է Արևմուտքի ու ՀՀ-ի գործընկերության հնարավորություններին, Սաֆարյանը կարծում է, որ շատ բան կախված է նաև Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններից. «Վրաստանի ու Հայաստանի որոշումները կայացվելու են միասնաբար։ ՀՀ-ի ու Վրաստանի ճակատագրերը կապված են, ու եթե Վրաստանը ԵՄ-ի համար համարվի կորսված երկիր, ապա ՀՀ-ին Արևմուտքը լավագույն դեպքում կօգնի պահել անկախությունը, բայց ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից դուռ չեն բացի»։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան