Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր աղմկահարույց հարցազրույցում
անդրադարձել է ոչ միայն Հայաստանին, այլև Ղազախստանին, և մասնավորապես ասել. «Երբ Ղազախստանում ինչ-որ բան տեղի ունեցավ, Աստանան դիմեց ոչ թե Չինաստանին, Հնդկաստանին կամ Պակիստանին, այլ Մոսկվային և Մինսկին՝ «Պուտին, Լուկաշենկո, օգնեք»: Եվ մենք կես օրվա ընթացքում (ՀԱՊԿ խաղաղապահներին) տեղափոխեցինք այնտեղ, մեր ինքնաթիռներն այնտեղ՝ Ղազախստանում, վայրէջք կատարեցին: Հանդարտեցրին»:
Լուկաշենկոն ասել է, որ իր խոսքերը չպետք է համարել նախատինք կամ պարտքը
մարելու պահանջ, բայց կոչ է արել հասկանալ, որ մի օր դարձյալ կստեղծվի այնպիսի
իրավիճակ, որի դեպքում նորից օգնելու խնդրանքով կդիմեն Մոսկվային և Մինսկին, բայց
«ոչ ոք չի գա ձեզ օգնություն»։
Ի պատասխան
այս հայտարարությունների՝ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի
նախարար Մուրատ Նուրթլեուն Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինի հետ հանդիպմանը ասել
է՝ Բելառուսը պետք է օբյեկտիվորեն
գնահատի Ղազախստանի դիրքորոշումը «ընթացիկ գործընթացների վերաբերյալ»։
«Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղասիրական արտաքին
քաղաքականություն՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի
հիմնարար նորմերին։ Մեր երկիրը խորապես համոզված է, որ պետությունների միջև առկա
բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- փոխանցել է արտաքին քաղաքական
գերատեսչությունը ԱԳ նախարարի
խոսքերը։