ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի առջև դրված պարտավորությունները մնում են անփոփոխ. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի առջև դրված պարտավորությունները մնում են անփոփոխ, հանրապետության համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան՝ բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։


«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքներին, ապա այժմ Երևանում գերակշռող գիծը նման փոխգործակցությունից հեռանալն է: Այս դիրքորոշումը, ինչպես նկատելի է, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը: Վերջին հաշվով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանքներ գոյություն չունեն՝ որպես հանրապետության կայունության երաշխավորներ: Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- հայտարարել է Աղասանդյանը։


Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցության վերադառնալու դռները Հայաստանի համար բաց են։


«Հուսով ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կրկին հավատարմություն կցուցաբերեն շահագրգիռ համատեղ աշխատանքին՝ ելնելով բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերից»,- ասել է դիվանագետը։