Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ խաղաղության
պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման, «Առաջին ալիք»-ին
տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Ցավոք սրտի, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով
հաղորդակցություններին, հենց Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժ անում պայմանավորվածությունը, որի տակ առկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ, թե ինչն է նման դիրքորոշման պատճառը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, հիմքը, որը դրված է եռակողմ
հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում, ամբողջովին պահպանում է իր արդիականությունը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական
հարաբերությունների կարգավորմանը, ապա, Լավրովի խոսքով, այստեղ ևս գլխավորը
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք
բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք
ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք պետք է
լուծվեն՝ վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար: