Ռուս-ադրբեջանական սիրախաղ է, այդ արյունարբու տանդեմից պետք է հեռու մնանք. Ստեփանյան

 «Սա ռուս-ադրբեջանական սիրախաղ է, իսկ մենք այդ արյունարբու տանդեմից պետք է հեռու մնանք, պետք է հեռու մնանք ռուսական միջնորդությունից»: Այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքվում կատարած հայտարարությանը, թե ՌԴ-ն պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։


Ստեփանյանի խոսքով՝ ՌԴ-ն իրականում չի ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, և դա դեմ է ՌԴ-ի շահերին. «ՌԴ-ն 33 տարի պարազիտանում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա և շահագրգռված է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև չլինի խաղաղություն»։


Ստեփանյանի կարծիքով՝ այս տարի չեն լինի պատերազմական գործողություններ. «Կան մի շարք խոչընդոտներ։ Դրանք են Cop 29-ը և ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Ալիևը սպասում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտին։ Նույն ռուս-ուկրաինական հարաբերությունները ևս կախված են ԱՄՆ նախագահական ընտրություններից»։


Ստեփանյանը չի բացառում, որ Ալիևի ու Պուտինի հանդիպումից հետո կարող է լինել սադրանք Ադրբեջանի կողմից։ Ստեփանյանը ուշադրություն է դարձնում Բաքվից վերջին օրերին հնչող հայտարարություններին, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը. «Ալիևյան սուտը պետք է կանգնեցվի, և Հայաստանը պետք է նախաձեռնող լինի։  Հայաստանը առաջարկում է  ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կքննի հրադադարների խախտումը, և պարզ է, որ Ադրբեջանը այդ առաջարկին չի պատասխանելու։ Կարծում եմ, որ ՀՀ-ն այդ առաջարկը պետք է ներառի բոլոր այն ֆորմատներում, որտեղ տեղի են ունենում հայ-ադրբեջանական բանակցությունները»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան