Ռուսաստանը երախտապարտ է Ադրբեջանին՝ երկրում ռուսաց լեզվի
նկատմամբ ցուցաբերած ուշադրության և այն դպրոցների աշխատանքի համար, որոնցում
ուսումնասիրվում է այդ լեզուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը պետական այցի ընթացքում իր
ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցությունների սկզբում։
«Երախտապարտ ենք ձեզ այն ուշադրության համար, որ դուք
ցուցաբերում եք ռուսաց լեզվի զարգացմանը: Ադրբեջանում գործում են 300 ռուսալեզու
դպրոցներ, մեր առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր»,
- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է հումանիտար
համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի մասին։
«Բոլորովին վերջերս՝ տասն օր առաջ, այստեղ՝ Բաքվում, տեղի է ունեցել միջկառավարական
հանձնաժողովի հերթական նիստը, (հանձնաժողովը) հաջողությամբ աշխատում է»,- նշել է
ՌԴ նախագահը։
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է նաև հունիսին Ադրբեջանում անցկացված Ռուսաստանի
մշակույթի օրերը։ «Շատ շնորհակալություն ձեզ այս աշխատանքը կազմակերպելու համար»,-
Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին։