«ՌԴ-ն, սովորության համաձայն,
քիթը խոթում է այլ պետությունների ներքին գործերի մեջ, հիմա էլ դասագրքերին են անցել։
Մեր պատմությունը Ռուսաստանի կողմից կեղծվել է, ու ՌԴ-ն, մտրակներից փախչելով, հիմա
լեշով փորձում է ընկնել մեզ վրա։ Իրենք թող
իրենց գրքերը փոխեն։ Այն, ինչ ԽՍՀՄ տարիներին գրվել է, 99 տոկոսը կեղծ է։ Օրինակ՝ Առաջին
հանրապետությունը ԽՍՀՄ-ի կողմից օկուպացվել է, բայց պատմության դասագրքերում գրված
է, որ խորհրդայնացվել է»: Այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով
ՌԴ ԱԳՆ-ի բողոքին, թե Հայաստանի պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքում Հրվ. Կովկասի
իրադարձությունները խեղաթյուրված են ներկայացված։
Ըստ Սուքիասյանի՝ ՌԴ-ում ցանկություն
կա օկուպացնելու Հայաստանը, բայց նման վտանգ այս պահին չկա, քանի որ ՌԴ-ն այժմ թուլացել
է և չի կարողանում ինքն իր խնդիրները լուծել. «ՌԴ-ն պարզապես փորձում է ինչ-որ չափով
դավադրություններ ներդնել ՀՀ-ում, որ այստեղ քննարկվեն իր առաջ քաշած թեմաները»։
Ինչ վերաբերում է Վազգեն Գալստանյանի
գլխավորությամբ հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպելուն, Սուքիասյանը ասաց. «Վեղարով
մարդուն պետք է ձերբակալել այլ պետության շահերը սպասարկելու համար, այդ մարդը շարունակում
է իր մարմինը քարշ տալ ՀՀ-ի տարբեր վայրերում, բայց եթե լրատվամիջոցները չխոսեն այդ
մասին, ապա իրենք գոյություն չեն ունենա։ Երբ սահմանազատում էր իրականացվում Տավուշում,
այդ մարդը գնացել էր Տավուշ և փորձում էր իր կողքը մարդիկ հրավիրելով թույլ չտալ սահմանազատում.
դա միջպետական կոնֆլիկտի հրահրում է։ Եթե ՀՀ-ում գործեր համապատասխան իրավական համակարգ,
ապա այդ մարդու գանգին կիջեցնեին։ Մի քանի բառ են հորինել, թե բա սառեցված է, և ձևականորեն
հիմնավորում են, թե նորմալ է, որ եկեղեցին թողնի և այլն, կամ էլ պետությունը պետք է
ստիպի, որ այդ մարդը իր վեղարը հանի։ Այդ ամենով պետությունը սկսում է որոշակիորեն
անկայունանալ, բայց իրենք ոչինչ չեն կարող անել»։
Սուքիասյանը կարծում է, որ հանրության
շրջանում ու քաղաքական դաշտում հայրենասիրություն հասկացությունը սխալ է ընկալված,
և մի շարք դեպքերում մարդիկ հայրենասիրությունը շփոթում են օրենքը շրջանցելու կամ հակառակվելու
հետ. «Օրենք պաշտպանողը հայրենասեր չէ՝ իրենց կարծիքով, իսկ մի հատ ուռած գլուխ, որ
տարբեր տեղեր օրենքներ է շրջանցում, թե սա պետք է անենք կամ այն պետք է անենք՝ ինքը
հայրենասեր է։ Հակառակվելը համարվում է ճիշտ
քայլ։ Քաղաքական դաշտում էլ է այդպես։ Մի վատթարագույն ավանդույթ կա, օրինակ՝ եթե իշխանությունը
ասում է՝ «ա», ապա ընդդիմությունը պետք է բառաչի ու «բ» ասի, եթե նույնիսկ իշխանությունը
ճիշտ է։ Դրա համար իշխանություն ու ընդդիմություն համագործակցությունը չկա Հայաստանում,
իսկ դա պետությանը տալիս է կայունություն ու պրոգրես, մինչդեռ հակառակը անկայուն վիճակ
է ստեղծում։ Հայաստանում որոշ շրջանակներ ընդդիմություն
են համարում բառաչողներին, իսկ հայրենասիրությունը իրենց համար անիմաստ գոռալ-գոչելն
է, թե այսինչը պետք է հետ բերենք ու էն մյուսը պետք է հետ բերենք։ Ինձ համար հայրենասեր
մարդը օրինասերն է, ոչ թե պետությունը թալանողը ու օրենքը շրջանցողը, ով իր վրա գրել
է հայրենասեր»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան