Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլուխը փոփոխվել է և նոր տարբերակով դրվել է շրջանառության, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլխի վերաբերյալ տարբեր ահազանգեր են ստացել, նախարարությունն էլ դիմել է գրքի հեղինակներին՝ այն վերանայելու։
«Դասագիրքը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ի կողմից երաշխավորվելուց հետո, ըստ ընթացակարգի, տեղադրվեց կայքում, մենք ունեցանք ահազանգեր այն մասով, որ գլուխներից մեկը, որը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» իր մեջ որոշակիորեն բացասական երանգ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դերի տեսանկյունից։ Տաբեր ահազանգեր են ստացել, այդ թվում՝ տարբեր գործընկերների կողմից։ Մենք հեղինակների հետ կապ հաստատեցինք և առաջարկեցինք վերանայել այդ վերնագիրը և այնպիսի մոտեցում ցույց տալ, ինչպիսին ներկայացված է հայոց պատմության առարկայական չափորոշիչներում։
Հեղինակային խումբն աշախատել է, վերնագրում համապատասխան փոփոխություններ են արվել, որը մեր կողմից ընդունվել է և ուղարկվել հիմնադրամ»,- մանրամասնեց Թամարա Սարգսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում