«Առանց ԱՄՆ մասնակցության և անմիջական աջակցության Կիևը չէր համարձակվի մտնել Ռուսաստանի տարածք». Պատրուշև


 Արևմուտքն օգտագործում է Շվեդիային և Ֆինլանդիային, որպեսզի «Ռուսաստանին զրկի Բալթիկ ծով ելքից և այն վերածի ՆԱՏՕ-ի «ներքին ծովի»։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։


 

«Արևմուտքը ձգտում է զրկել Ռուսաստանին Բալթիկ ծով ելքից, այն վերածել դաշինքի «ներքին ծովի»՝ դրա համար օգտագործելով ՆԱՏՕ-ի նորաթուխ երկրներին՝ Շվեդիային և Ֆինլանդիային»,- ասել է Պատրուշևը։



Բացի դրանից, արևմտյան երկրները «ակտիվորեն իրագործում են Ռուսաստանին Սև ծովում կաշկանդելու ռազմավարություն», որտեղ ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են մեծացնել իրենց ներկայությունը՝ խախտելով Մոնտրյոյի կոնվենցիան, կարծում է ՌԴ նախագահի օգնականը։


 Պատրուշևը նաև մեղադրել է ՆԱՏՕ-ին այն բանի համար, թե իբր Հյուսիսատլանտյան դաշինքի մասնագետները մասնակցություն են ունեցել Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման գործողության պլանավորման մեջ. «Կուրսկի մարզում գործողությունը... պլանավորվել է ՆԱՏՕ-ականների և արևմտյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ»:


Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները «Կիևը լցրել են զենքով», ռազմական հրահանգիչներով, մշտապես նրանց տրամադրում են հետախուզական տվյալներ և իբր վերահսկում են Ուկրաինայի իշխանությունների գործողությունները։


Պատրուշևը նաև նշել է, որ ԱՄՆ ղեկավարության հայտարարությունները Կուրսկի մարզի դեպքերին չմասնակցելու վերաբերյալ «իրականությանը չեն համապատասխանում»։ «Նահանգները պարբերաբար մի բան ասում է, մեկ այլ բան անում։ Առանց նրա մասնակցության և անմիջական աջակցության Կիևը չէր համարձակվի մտնել Ռուսաստանի տարածք»,- պնդել է Պատրուշևը։