Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին և
Ուկրաինային առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և ավարտել
պատերազմը, քանի որ դա պետք չէ «ոչ ուկրաինացի ժողովրդին, ոչ ռուսներին, ոչ
բելառուսներին»։ Այս մասին նա ասել է «Россия» հեռուստաալիքին տված
հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերում է բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը։
Նրա կարծիքով՝ այս պատերազմը պետք է միայն «ամերիկյան ծագմամբ բարձրաստիճան մարդկանց»։
«Եկեք
նստենք բանակցությունների սեղանի շուրջ և վերջ տանք այս կռվին։ Դա պետք չէ ո՛չ ուկրաինացի ժողովրդին, ո՛չ ռուսներին, ո՛չ
բելառուսներին։ Դա պետք է նրանց: Ես չեմ կարող
այդ փաստերը մեջբերել, դրանք բացարձակ փակ են, որտեղ նրանք՝ բարձրաստիճան
մարդիկ, բացահայտ
խոսում են։ Բառացի՝ «Թող իրար ծեծեն՝ ուկրաինացիները, ռուսները, թող բոլորը
սատկեն այս կաթսայում»։ Բարձրաստիճան անձինք են այս մասին խոսում։
Ամերիկյան ծագում ունեցող (քիչ-քիչ կբացահայտեմ ձեզ): Դա ի՞նչ է, նորմա՞լ
է: Նրանք ուզում են, որ մենք ոչնչացնենք միմյանց»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նաև ասել է, որ պատրաստ չէ կիրառել Բելառուսի տարածքում
տեղակայված ռուսական միջուկային զենքը, քանի դեռ չի խախտվել երկրի սահմանը։
«Երբ այստեղ հայտնվեց մարտավարական միջուկային զենքը, ես
նրանց (արևմտյան քաղաքական գործիչներին) ասացի. «Մենք չենք պատրաստվում որևէ զենք
կիրառել, քանի դեռ դուք չեք հարձակվել մեր պետական սահմանի վրա: Դա նաև մեր Միութենական
պետության սահմանն է»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Լուկաշենկոն հավելել է, որ, համաձայն ներկայիս
պայմանավորվածությունների, Ռուսաստանը Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում իր զորքերը
կուղարկի երկիր՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Նրա խոսքով՝
բելառուսական բանակը «առաջին հարվածը կընդունի, իսկ հետո ռեզերվում մեզ կապահովագրի
Ռուսաստանը»։