Բելգորոդի մարզում սահմանվել է դաշնային մակարդակով արտակարգ դրություն

Բելգորոդի մարզում սահմանվել է դաշնային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։


Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է կառավարական հանձնաժողովի նիստում, որը գլխավորել է ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։ Ինքը՝ Գլադկովը, օգոստոսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ Մոսկվա է գործուղվել։


Դրանից մեկ օր առաջ Բելգորոդի մարզում սահմանվել էր տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ։ Գլադկովն ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում «շարունակում է մնալ ծայրահեղ բարդ և լարված»։


Օգոստոսի 7-ին՝ Ռուսաստանի տարածք Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման երկրորդ օրը, Կուրսկի մարզում էր սահմանվել տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ։ Ինչպես պարզաբանել էր նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը, այս որոշումը կայացվել է «Ուկրաինայի զինված ուժերի՝ տարածաշրջան մուտք գործելու հետևանքները վերացնելու համար»։ Օգոստոսի 9-ին Կուրսկի մարզում արտակարգ դրության ռեժիմը փոխադրվել է դաշնային մակարդակի։