ԱՄՆ-ը չի մասնակցել
Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պլանավորմանը կամ
նախապատրաստմանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։
«Մենք միանշանակ
ներգրավված չենք եղել այս գործողության ո՛չ պլանավորման, ո՛չ նախապատրաստման
մեջ: Ընդհանուր առմամբ, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային ռուսական
հարձակումներից և ագրեսիայից պաշտպանվելու նրա ջանքերում»,- ասել է Ժան-Պիերը
ճեպազրույցում:
Նա նաև հավելել է,
որ ԱՄՆ-ը չի մեկնաբանի Կուրսկի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի
գործողությունները՝ «դա թողնելով Կիևի հայեցողությանը»։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի
պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը նույնպես հերքել էր ԱՄՆ-ի
մասնակցությունը Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի գրոհին, չնայած
ամերիկյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններին։