«Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում միջուկային զենք ունեցող գերտերության պարտությունը,
հետևաբար իմ անհանգստությունը այն է, որ աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին»:
Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին։
Աղազարյանը կարծում է, որ Հայաստանը,
ՌԴ-ի հետ լինելով երկկողմանի ռազմաքաղաքական դաշինքի մեջ, կաշկանդված է որոշակի քայլերում.
«Բայց բնականաբար, եթե ՌԴ-ն զորք ցանկանա, որպեսզի օգնենք ուկրաինական պատերազմում,
մենք կհրաժարվենք։ Մեր դիրքորոշումը այն է, որ մեկ օր շուտ ավարտվի այդ պատերազմը,
կարելի է ասել՝ եղբայրասպան պատերազմը»։
Պատգամավորի կարծիքով՝ ռազմաքաղաքական դաշինքներից չպետք է
մեկ օրում հրաժարվել, քանի որ դաշինքը ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի
ու Պուտինի. «Մենք չգիտենք, թե հաջորդ իշխանությունները այստեղ և ՌԴ-ում ովքեր կլինեն,
ու մեր ցանկացած քայլ համարժեք է, բայց այդ գործընթացները հասնելու են իրենց տրամաբանական
ավարտին»։
Աղազարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում տեղի ունեցող գործընթացները տանում
են նրան, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից. «Լուկաշենկոյի ամբարտավան պահվածքը, այլ երկրների
հարաբերությունները Ադրբեջանի հետ տանում են նրան, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Բայց պետք չի, որ ուրիշներին միայն մեղադրենք, մենք պետք
է տեսնենք, թե որպես երկիր ու ժողովուրդ՝ արդյոք անո՞ւմ ենք ամեն ինչ, որպեսզի վտանգներին դիմագրավենք,
թե՞ ոչ»։
Աղազարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը ճիշտ կլինի
ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա Աղազարյանը
կարծում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում չենք կարող դուրս գալ այդ կառույցից. «ԵԱՏՄ-ից
դուրս գալու համար ժամանակ է պետք ու փող»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան