«ՌԴ-ն պատրաստ է առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար». Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և նրանց համար ստեղծել առավելագույն հարմարավետ պայմաններ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ 2022 թվականին (որը ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ) ընդգծել է երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով, նաև պարտավորվել է հետագայում «դրան տրամադրել ցանկացած աջակցություն»։


«Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, այլև արձանագրված է այն փաստաթղթում, որի տակ դրված է մեր երկրի ստորագրությունը: Նման աջակցության ծավալներն ու ձևը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։ Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների փուլեր: Պատրաստ ենք դա անել նաև ապագայում»,- ասել է Զախարովան։