2017 թվականին ընդունվեց ազդարարման համակարգի մասին օրենքը, որը ուժի մեջ մտավ 2018-ին, իսկ անանուն եղանակով ազդարարումներ ներկայացնելու հարթակը գործարկվեց 2019 թվականից։ Այս հարթակի միջոցով քաղաքացիները կարող են անանուն եղանակով հաղորդումներ ներկայացնել, եթե ունեն որևէ տեղեկություն կոռուպցիոն դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների, հանրային շահերին ուղղված այլ վնասների մասին։ Նախարարությունը մեկնարկեց իրազեկման մեկամսյա արշավ, որի արդյունքում մարդկանց մասնակցությունը մեծացավ։ Դա է վկայում վիճակագրությունը։ «Ամենակարևոր խնդիրը, որ մենք տեսանք, հասարակության ցածր տեղեկացվածությունն էր։ Երկրորդը՝ արդարադատության երկու հարթակները շփոթելն էր՝
azdarar.am-ն ու azdararir.am-ը։ Երրորդ խնդիրը տարիներ ի վեր ձևավորված կարծրատիպային մոտեցումն էր՝ վստահության պակասը, ցանկությունը հասարակությունից չտարբերվելու, դեպքի մասին անձամբ չհայտնելու։ Բազմաթիվ քաղաքացիներ ունենք, որ կուզեին, որ պետությունը տեղյակ լիներ դեպքի մանրամասների մասին, բայց չէին ուզի, որ իրենք լինեին հայտնողը»,- ասաց Լիանա Թովմասյանը։ Ազդարարման արդյունքում, սակայն, արդեն կան դրական արդյունքներ։ Թովմասյանը նշեց, որ քաղաքացին կարող է անանուն հայտնել տարբեր դեպքերի մասին և զերծ մնալ հոգեբանական ու կարծրատիպային արձագանքներից։ Համակարգում գրանցվելը ևս հեշտ է։ Հարթակում կա դրա համար հատուկ ուղեցույց։ Քաղաքացին կարող է նաև հետևել իր հաղորդման ողջ ընթացքին։ Իսկ հաղորդումը ստանում է անմիջապես և բացառապես գլխավոր դատախազությունը։ Մինչև իրազեկման արշավը՝ հարթակում ամսական 2-6 ազդարարում էր լինում, իրազեկումներից հետո՝ 25-30։ Բացի քանակից՝ ազդարարումները նաև որակապես են աճել։ Մանրամասն՝ տեսանյութում Վովա Հակոբյան