Աշնանը Մոսկվան Հայաստանում պատրաստում է հեղաշրջման նոր փորձ՝ «Բաքվի կոմիսարների» միջոցով

Եթե օգտագործենք վարչապետ Փաշինյանի բանաձևը՝ սա ևս մեկ ազդակ և ցուցիչ է, թե որքանով է Եվրոպան պատրաստ ընդունելու Հայաստանին։ Սա, իհարկե, քաղաքական ազդակ է։ Անդրադառնալով այսօր Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը հաստատելու մասին տեղեկությանը՝ ասաց «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։


Սեպտեմբեր-հոկտեմբերին, ըստ Խզմալյանի, Ռուսաստանը Հայաստանում պատրաստում է հեղաշրջման նոր փորձ՝ «Բաքվի կոմիսարների» միջոցով։ Դա է պատճառը, որ պետք է ԵՄ-ին ասոցացվելու հանրաքվե անցկացնել, որն, ինչպես նշեց Խզմալյանը, անպայման անցկացվելու է։ «Մենք քննարկում ենք ստորագրահավաքի մեխանիզմները»,- ասաց նա։


 Հեղաշրջման հաջորդ փորձի ազդարարներից մեկը, քաղաքական գործչի կարծիքով, հանդիսանալու է Արշակ Կարապետյանը։ Իրենք փորձելու են կրկնել 2021 թվականի ռազմական հեղաշրջման փորձը. «Արշակ Կարապետյանը խոսում է ռուսական հատուկ ծառայությունների ձայնով»։


Խզմալյանը չի հավատում, որ մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել Բաքվի հետ. «Դա չի լինի, և դա պետք էլ չէ, որովհետև այն զոհաբերություններին, այն փոխզիջումներին, որ մեզնից պահանջում են, չարժե այդ թուղթը։ Այլևս չպետք է թույլ տանք, որ մեզնից ինչ-որ բան պահանջեն։ Մենք շատ ավելի բան ունենք պահանջելու»։


Միացյալ Նահանգները այս հարցում շտապում է, քանի որ իրեն դա անհրաժեշտ է իր ներքաղաքական, նախընտրական գործընթացների համար։ «Մեզ էլ է դա պետք։ Պարզապես, եթե Միացյալ Նահանգները մեզանից հանուն դրա կպահանջի ինչ-որ բան, որը մեզ համար ընդունելի չէ, մենք երբեք դա չպետք է ընդունենք՝ անգամ մեր բարեկամներից։ Մենք մեր շահերը, մեր երեխաների, ազգի շահերը վեր ենք դասելու բոլորից»,- ասաց Տիգրան Խզմալյանը։   


Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցում ԱՄՆ հետաքրքրվածությանն ու, այսպես կոչված, «միջին միջանցքին»՝ Խզմալյանն ասաց, որ առանցքային դրվագը այս հարցում ոչ թե խաղաղությունն է, այլ Ռուսաստանին շրջանցելը. «Եթե շրջանցվի Ռուսաստանը, ոչ մի պատերազմ չի լինի։ Ադրբեջանը երբեք չի համարձակվի և չէր համարձակվի որևէ փամփուշտ բաց թողնել՝ առանց Ռուսաստանի թույլտվության, աջակցության և խրախուսման։ Այնպես որ՝ Ռուսաստանին դուրս բերելով՝ ԱՄՆ-ն ապահովում է խաղաղություն։ Դրա ամենակարճ ձևը այն է, որ իրենք մեկուսացնում են Ադրբեջանը Ռուսաստանից կամ հակառակը»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան