Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց
են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել
է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի
հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի
կնքման հարցում գնալ ծանր փոխզիջումների:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ
այս դեպքում երկու կողմերին ասվածը դիվանագիտական ենթատեքստ ունի և իրականում վերաբերում
է միայն Ադրբեջանին, բայց եթե այդպես չէ, լավ կլիներ, որպեսզի պարզաբանում ներկայացվեր, թե Հայաստանի կողմից ինչ
փոխզիջում են սպասում, որովհետև փաստացի Հայաստանը վերջին շրջանում բոլոր այն հարցերում,
որոնք կենսական կարմիր գծերը չեն խախտում, այդ բոլոր հարցերում միակողմանի զիջումների
է գնացել, և եկել է ժամանակը, որ Ադրբեջանին ներկայացվի նման պահանջ։
Քաղաքագետի խոսքով՝ լավ կլիներ,
որպեսզի պարզաբանում ներկայացվեր, առավել ևս, որ թե՛ մեր հասարակական-քաղաքական դաշտում,
թե՛ լրատվական դաշտում այս հարցի վերաբերյալ բավականին շատ հարցեր կան։
«Գուցե, եթե դա դիվանագիտական
ռևերանս է Ադրբեջանին, հաշվարկն այն է, որ սա հնարավորություն կտա Ադրբեջանից այդ փոխզիջումներն
այնուամենայնիվ կորզել մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան