ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ Հայաստանի
և Ադրբեջանի կողմից ծանր փոխզիջումների անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունը,
վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի տեղեկություններով, նախևառաջ վերաբերում է ադրբեջանական
կողմին։ Հայաստանը, ըստ նրա, հնարավոր և անհնարին ամեն ինչ արդեն զիջել է, ինչը հասկանում
է ամերիկյան կողմը։ Ադրբեջանը պետք է ընդունի Ալմա-Աթայի հռչակագիրն, ու այն ներառվի
խաղաղության պայմանագրում։
Մեր կողմից զիջում կարող էր լինել Սահմանադրության
փոփոխությունը։ Սակայն հասկանալի է՝ այդ թվում ամերիկացիներին, որ այս պահին այդ փոփոխությունը
չի կարող տեղի ունենալ։ «Ակնհայտ է, որ Ալիևի պահանջով արվող սահմանադրական հանրաքվեն
Հայաստանում տապալվելու է»,- ասաց Խուրշուդյանը ու նկատեց, որ դա որոշելու է Հայաստանի
ժողովուրդը, ոչ թե կառավարությունը։ Նոր Սահմանադրություն կարող է ընդունվել 2027-ից
հետո միայն։
«Միացյալ Նահանգները շատ գործիքներ ունի Ադրբեջանի
վրա ազդելու համար։ Խնդիրն այն է, որ դեռ այդ գործիքները չի ուզում կիրառել, որովհետև
դրանց կիրառումը իր հետ որոշ խնդիրներ է բերելու, օրինակ՝ Ադրբեջանը կարող է ավելի
մերձենալ Ռուսաստանի հետ՝ գնա ընկնի ռուս-չինական դաշինքի գիրկը»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը՝
մատնանշելով նաև էներգետիկ հարաբերությունները Արևմուտքի հետ, որը գործիք է նրա ձեռքում՝
ընդդեմ Ադրբեջանի։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան