Գալուզինը ստում է․ Ռուսաստանը հանձնում է տարածաշրջանը Արևմուտքին

Օրերս ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ՌԴ-ին մտահոգում է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է ստանալ մշտական կարգավիճակ։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։


«Մտահոգության իրական պատճառն այն է, որ Ռուսաստանը հասկանում է և զգում, որ դուրս է գալիս ոչ միայն Հայաստանից, այլև Հարավային Կովկասից՝ ամբողջ տարածաշրջանից, և քայլերը բազմաթիվ են: Եվ Ադրբեջանից զորակազմի դուրսբերումը, այսպես կոչված՝ խաղաղապահների. ես ինչու եմ այդպես ասում, որովհետև Ռուսաստանն է այդպես ընկալում, որ ԼՂ-ն Ադրբեջան է, և հայ-ադրբեջանական սահմանից նրանց զինվորականների՝ Հայաստանից դուրսբերման արդեն իսկ ավարտված գործընթացը, ինչպես նաև Ռուսաստանը գնալով կրճատում է իր ռազմական ներկայությունը ընդհանուր տարածաշրջանում։ Եթե մենք դրանք գումարենք 2005-ին Վրաստանի տարածքից նրանց փաստացի դուրս գալը, ապա Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը, և իմիջիայլոց դա արվում է հենց ռուսների ուղիղ համաձայնությամբ»,- ասաց քաղաքագետը։


Նա նշեց, որ եթե ռուսները շատ ուզենային, դուրս չէին գա այստեղից, նրանք իրենք են դուրս գալիս, դա իրենց որոշումն է, և այստեղ հերթական անգամ գալուզինների, զախարովաների, լավրովների միջոցով փորձ է արվում այդ քաղաքականությունն արդարացնել։


«Ես չեմ ուզում չափազանցնել, բայց Ռուսաստանը տարածաշրջանը հանձնում է Արևմուտքին. սա է փաստացի տեղի ունենում։ Եվ այս համատեքստում ուղղակի արդարացման փորձ է սեփական անատամ քաղաքականության, թե տեսեք՝ ԵՄ դիտորդները եկել են։ Որտե՞ղ են եկել ԵՄ դիտորդները, դատարկ տեղն են, չէ՞, եկել, «սուրբ տեղը, երբեք դատարկ չի մնում»։ Իսկ ինչու է այդ տեղը դատարկ եղել, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը այդտեղ չէր, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չէր պաշտպանում Հայաստանին։ Եթե պաշտպաներ, նրանք չէին գա»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան