Ռուսական կողմին մտահոգում է, որ Երևանի հավանությամբ ԵՄ առաքելությունը
Հայաստանում կարող է ստանալ մշտական կարգավիճակ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար
Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը նշել է նաև այս տարվա ապրիլին ԵՄ առաքելության կազմում Կանադայի ներկայացուցիչների հայտնվելը, ինչը, նրա կարծիքով, վկայում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի ներթափանցման մասին։ Ռուսական կողմը մտահոգություն է հայտնում, որ ԵՄ առաքելության գործունեությունն ուղղված է ռուսական օբյեկտների և Հայաստանի հարևան պետությունների՝ Իրանի ու Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրմանը։
«Բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս ասել ենք: Եվրամիության խնդիրն ակնհայտ է և կայանում է
նրանում, որ փորձի ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս ավանդական գործընկերների և հարավկովկասյան հարևան պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերի»,- ասել է Գալուզինը։
Ռուսաստանը,
հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, բազմիցս բացասական վերաբերմունք է հայտնել
Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ՝ ընդգծելով, որ դիտորդների աշխատանքը
շոշափելի արդյունքներ չի բերել և չի կանխել հայ-ադրբեջանական սահմանին սրումը։ Նա
նաև նշել է, որ առաքելության հաշվետվություններն ուղարկվում են անմիջապես Բրյուսել
և չեն տրամադրվում հայկական կողմին։
Ռուսաստանը
համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք
բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հիման վրա, ամփոփել է ՌԴ ԱԳ
փոխնախարարը։