Ռուսաստանը
բանակից կազատի Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք հավաքագրվել են Ուկրաինայի պատերազմի համար՝ այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Մոդին, որը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, այդ հարցը բարձրացրել է Պուտինի հետ ընթրիքի ժամանակ։ ՌԴ նախագահը խոստացել է կատարել Հնդկաստանի վարչապետի խնդրանքը և նպաստել Հնդկաստանի քաղաքացիների վերադարձին իրենց հայրենիք, հայտնում են NDTV-ի զրուցակիցները։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին
ճեպազրույցում խնդրել են մեկնաբանել այս տեղեկությունը, ինչին նա պատասխանել է. «Մենք
այս թեման որևէ կերպ չենք մեկնաբանում»։
Նրա խոսքով՝ հուլիսի 8-ին Պուտինը և Մոդին ոչ
պաշտոնական հանգամանքներում շփվել են երեք ժամ. «Բավականին բովանդակալից շփում է եղել։ Զրուցել են առանձին»։
Պեսկովը նշել է, որ այսօր շարունակվում է
Հնդկաստանի վարչապետի պաշտոնական այցը: