«Բագրա՜տ, Գառնի՜կ, ցանկապատը գտնվել ա, Տավուշում ա» «Սրբազան առաջնորդությունը» պետք է ներողություն խնդրի սահմանազատման հարցով սուտ ու կեղծիք տարածելու համար

Երբ համացանցում հրապարակվեցին Տավուշի մարզի հատվածում՝  ՀՀ-Ադրբեջան սահմանի՝ արդեն իսկ սահմանազատված հատվածի փշալարերով պատված սյուների  լուսանկարները, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համաառաջնորդ Բագրատ Գալստանյանի (և ոչ միայն նրա) քունն, ինչպես ասում են, փախավ։ Այդ «բեկումնային» պահից  սկսած սրբազանն ու շարժման մյուս պատասխանատուները սկսեցին խորհրդավոր  «ցանկապատի» սևեռուն փնտրտուքն ու տեղորոշումը։ Սակայն ապարդյուն։ Մի պահ նույնիսկ սկսեցինք կասկածել՝ գուցե համացանցում հայտնված լուսանկարները «արհեստական բանականության» վառ երևակայության  արդյո՞ւնքն են, սահմանազատված նման տարածք, իրոք, գոյություն չունի՞, այլապես բարձր տեխնոլոգիաների դարում որոնողական համակարգերը  վայրկյանների ընթացքում կգտնեին «փնտրվող օբյեկտն» ու կբավարարեին  փնտրողների հետաքրքրությունը։         


Նախ՝ երկու խոսք «ցանկապատ» տերմինի մասին. այո, Հայաստանի ոչ թե իրական չափերի ու մասշտաբների, այլ  իր պատկերացրած «տեսիլքի» հետ քնող-արթնացող արքեպիսկոպոսի  համար պետական սահմանը ոչ թե իրավական ռեժիմ ունեցող,  թանձրացական՝ շոշափելի, երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը երաշխավորող սուվերեն  գոտի է, այլ... հենց ցանկապատ։ Այդ տերմինի կիրառումն արդեն իսկ բավականաչափ պատկերացում է տալիս այն պատկերացումների՛ մասին, որոնք ունեն երկրում իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացրած խմբակն ու դրա առաջնորդը պետական սահմանի մասին։  Ցանկապատը  սահմանազատման ու սահմանագծման այն «մեխանիզմն» է, որը կիրառում են որևէ մասնավոր կամ հանրային  տարածք, հատված, գոտի առանձնացնելու, անջրպետելու ու այն կողմնակի, անցանկալի  ոտնձգություններից պաշտպանելու  համար,  «գաջեթ»,  որից, ի  դեպ, օգտվում է նաև եկեղեցին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող որևէ տարածք կամ գույք «սահմանազատելիս»։  Բայց նույնիսկ որևէ տարածք ցանկապատելու համար հարկավոր է դրա համար իրավական հիմքեր ապահովել, այլապես կամայականորեն կառուցված ցանկապատը  կարող է վերացվել կամ ապամոնտաժվել։ Հետևապես այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-Ադրբեջան սահմանին, կամայականորեն ցանկապատված ռեժիմից  իրավական ամուր և հուսալի երաշխիքներ ապահովող ռեժիմի անցումն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել երկու սուվերեն երկրների հարաբերությունները, որքան էլ դրանք լինեն խաղաղության ու բարիդրացիության ամենաբարձր մակարդակի վրա։  Հենց այս  գործընթացը վիժեցնելու համար է, որ ընդդիմությունը  փողոցային պայքար էր սկսել և երաշխավորած ու իրավական հետևանքներ ենթադրող պրոցեսի փոխարեն առաջարկում է առաջնորդվել  «սահմանք քաջաց զէնն իւրեանց» ժամանակավրեպ դոգմայով, որը 21-րդ դարում մեկ բան կարող է երաշխավորել՝  Հայաստան պետության ցանկապատացում, այն է՝ սուվերեն պետության փոխարեն մեկ այլ պետության սահմանների ներսում անջրպետված, չափարված  տարածքի կարգավիճակի ձեռք բերում։      

  

«Ցանկապատի», իսկ իրականում՝ պետական սահմանի այդ սահմանազատված,  կահավորված հատվածի փնտրտուքը սրբազանին ու նրա «գրուպպա պադերժկիին»  շաբաթներ առաջ նորից տարել էր   Տավուշի մարզ՝ Կիրանց և մյուս «պրոբլեմատիկ»  համայնքներ, և Տավուշի թեմի երբեմնի առաջնորդի ուշքնումիտքը տավուշյան  «Լոխ Նեսի հրեշ»-ին սեփական աչքերով տեսնելն էր՝ համոզվելու համար՝ կա՞ այն, գոյություն ունի՞, թե՞ հորինվածք է, «սուտ ու կեղծիք», որով  այս «չարիքի իշխանությունը» որոշել է կերակրել «բարիքի ընդդիմությանն» ու հանրությանն ընդհանրապես։  


Տավուշյան այցի ընթացքում սրբազանը, նկատենք,  շատ փնտրեց,  դեսը գնաց, դենը գնաց, բայց «բաղձալի» ցանկապատը նրան տեսնել չհաջողվեց, հետևապես հնչեց վերդիկտը՝ այն, ինչ ես չեմ տեսնում, նշանակում է՝ չկա, գոյություն չունի։ Սա մեզ հիշեցրեց Աստծու գոյության հերքման մասին պրիմիտիվ բանավեճը՝ եթե մենք նրան չենք տեսնում, չենք շոշափում, նշանակում է՝ այդպիսի «մատերիա» գոյություն չունի։


Ցանկապատի փնտրտուքը սրբազանին ու նրա՝ արկածներ որոնող թիմին նախորդ շաբաթ տարել էր Սյունիքի մարզ, որտեղ գտնվելու ընթացքում էլ, սարն ի վեր բարձրանալուց,  ձորն ի վար իջնելուց, տեղացիների հետ խոսք ու զրիցից հետո Ամերիկա հայտնաբերածի ոգևորությամբ սրբազանը ազդարարեց. «Անցյալը օրը եկել ա (ՀՀ վարչապետը-խմբ.) Ներքին Հանդում հեռախոսով ցույց ա տալիս մարդկանց, սենց մի հատ քառակուսի ցանկապատ ա, ցույց ա տալիս, ասում ա՝ տեսեք, Ոսկեպարում դրել ենք արդեն, տեսեք, ինչ լավ ա։ Վեր եմ կացել, գնացել Ոսկեպար, սահմանապահներին հարցրել եմ, ոստիկաններին, պարեկներին, նայել եմ լրիվ տեղերը հնարավոր և անհնար (ձեռքերը իրար քսելով-խմբ.), չկա»։  Հավաքված գյուղացի տարեցներից մեկը արձագանքելով ասաց՝ «դա մեր մոտ ա, մեր սահմանից ա նկարել՝ Ագարակում»։ Այս խոսքի վրա էլ  Բագրատ Խանդավառի գլխում միտք փայլատակեց՝ «գնանք, էտի նկարենք, ասենք՝ գտել ենք ցանկապատը։  Ժողովո՜ւրդ, Գառնի՜կ, ցանկապատը գտնվել ա,  մեր հայրիկներն ասում են՝ Ագարակի ճամփի վրա ա»։  Գառնիկ Դանիելյանն էլ հեգնանքով արձագանքեց՝ «տղա ա, է՜»։   Ցանկապատ հայտնաբերածները մի կուշտ  զվարճացան ու ցանկապատի հետախուզա-որոնողական աշխատանքները համարեցին ավարտված։


Անցյալ հանգստյան օրերին, մինչդեռ, հայտնի դարձավ, որ սրբազանն ու նրա խմբակը երջանիկ մոլորության մեջ են, ապակողմնորոշման ու սխալ հուշման զոհ, խորհրդավոր  ցանկապատը ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է լինել այնտեղ, որտեղ եղել է ի սկզբանե. Տավուշում։  Անգիտության  մշուշը ցրեցին ու սառեցված սրբազանի գլխին սառը ջուր լցրին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա խորհրդարանական գործընկերները՝ այցելելով Ոսկեպար-Կիրանց՝ արդեն սահմանազատված հատված։  Այցի վերաբերյալ ԱԺ լրատվականի պատրաստած տեսանյութում ամբողջ տեսքով երևում է  սահմանազատված այդ հատվածը, դրա ֆոնին խորհրդարանականները լուսանկարվել են, Ա. Քոչարյանն էլ  հարցազրույց է տվել, սրբազանի աչքը, այսպես ասած, խոթելով «ցանկապատը», անդրադարձել դրա  վերաբերյալ  էժանագին շահարկումներին,  ինչպես նաև ընդգծել սահմանազատման գործընթացի կարևորությունն ու անվտանգային նշանակությունը։


Այդ տեսանյութից հետո սրբազան շարժման գենշտաբը  Գալստանյանի ու Դանիելյանի հետ պետք է որ լիկբեզի խորացված պրոցեդուրաներ  իրականացնի, ինչից հետո, հուսանք,  ստի ու կեղծիքի դեմ պայքարող պարոնայք հայրենափրկիչները ներողություն կխնդրեն հանրությունից՝ նրանց ստելու ու ապակողմնորոշելու համար։


Հարկ է նկատել, որ սահմանազատված վերոհիշյալ հատված այցելած խորհրդարանականների  (ՔՊ խմբակցության) թվում չեն եղել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչ հանձնաժողովականները։ Սույն հանձնաժողովում ընդդիմությունը 4 անդամով է ներկայացված՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արգիշտի Գևորգյան, Աննա Գրիգորյան (նա, ի դեպ, ուղեկցում էր Գալստանյանին Սյունիք կատարած այցի ժամանակ), Գեղամ Մանուկյան, ՊՈՒ-ից՝ Տիգրան Աբրահամյան։ Սերժ Սարգսյանը լիներ, կասեր՝ լինեին, որ ի՞նչ անեին, Բագրատ Սրբազանի,  իրենց գործընկեր Գառնիկ Դանիելյանի ու «սրբազան պայքարի» քարոզչական շտաբի  «տոնը» փչացնեի՞ն։  Գնային, սեփական աչքերով տեսնեին «ցանկապատն» ու ստիպված լինեին  ծակե՞լ սրբազանի փչած  ստի փուչիկը, այն է՝  «Ժողովո՜ւրդ, Գառնի՜կ, ցանկապատը գտնվել ա, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, դուք սխալվեցիք»։


Ի դեպ, սրբազանն ու Դանիելյանը կարող են երկրորդ ռևիզորական այցը կատարել Տավուշ, այս անգամ՝ վերոհիշյալ ընդդիմադիր հանձնաժողովականների ուղեկցությամբ։ Իսկ «խորհրդավոր կղզի» տանող  «նավարկության» «ճանապարհային քարտեզը» կարող են խնդրել ՔՊ-ական պատգամավորներից։ Հաստատ չեն մերժի, սիրով կտրամադրեն։  


Հ․Գ․ Ի դեպ, Արածագոտն կատարած այցի ժամանակ երբ լրագրողները Բագրատ Գալստանյանին լուսավորել են «ցանկապատի» մասին, վերջինս ջղագրգռ արձագանքել է՝ «ցանկապատ»-ի փոխարեն արդեն գործածելով «փշալարեր» տերմինը։  «Կիրանց գնացել, իրենց ստրկության, ճորտության փշալարերը ցույց են տալիս, իրե՛նց, ո՛չ մեր։ Մենք էլ էդ կալանավայրում ենք գտնվում ուղղակի։ Բայց մերժում ենք ստրուկ ու ճորտ լինել։ Իրենց գնացել են էդ ցուցիչը, շղթաները ցույց են տալիս ու դրանով հպարտանում են։ Կյանքի մեջ չլսված բան է սա, սա ողբերգությունից էլ էն կողմ ա արդեն, եւ դրանով ուզում են ինձ պատասխանել կամ որեւէ մեկի՞ն։ Ի՞նչ պիտի պատասխանեն ինձ, ենթադրենք ես խաբեբա եմ, ի՞նչ պիտի ինձ պատասխանեն, փաստը արձանագրեն, ամբողջ իրենց մտածումը կառուցել են, որ մեզ պիտի պատասխանե՞ն, հա՞»։  Ինքն իրեն հարց հղելուց  հետո  սրբազանն, ինչպես ասում են, աչքերը փակել,  բերանը բացել է․  «Իսկ իրականությունն ի՞նչ է, իրականությունն այն է, որ ստրուկի պես ապրում են իրենք, թշնամու ստրուկ, գերի, ծառա, ճորտ, չարիք, ոչ մի արժանապատվություն ու պատիվ չունեցող»։  Տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «հայհոյանքը անզորի վերջին զենքն է»։  


Հ. Մանուկյան