Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: 


Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները: 


Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար: 


Օրենսդիրի ղեկավարն այցելել է նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին: 

Աշխատանքային օրվա ավարտին Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը: