Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս զարգացման փուլում Մակրոնի դերակատարությունը եղել է շրջադարձային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը նախատեսվում է ամրագրել ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։
«Այսօր մեզ համար շատ կարևոր և մեծ իրադարձություն է տեղի ունենում, և մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական և հավատարիմ բարեկամ երկրի նախագահը՝ նաև իմ անձնական բարեկամը, գտնվում է Հայաստանում։ Այս իրադարձությունը ունի կրկնակի նշանակություն»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում անցում է կատարել գոյատևման օրակարգից դեպի զարգացման օրակարգ՝ ձևավորելով իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր ռազմավարություն։ Վարչապետը շեշտել է, որ այդ նոր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ձևավորման առանցքային հանգրվանը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, որտեղ, նրա բնորոշմամբ, Էմանուել Մակրոնը հանդես է եկել բացառիկ վճռականությամբ և սկզբունքայնությամբ։
«Այն, ինչ ես այդ օրը տեսել եմ՝ այդպիսի համոզմունք, նվիրվածություն, սկզբունքայնություն և վճռականություն, ես չեմ կարդացել ոչ մի գրքում»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանդիպման ընթացքում ձևավորված մոտեցումները դարձել են Հայաստանի ներկայիս իրականության հիմքերից մեկը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այդ գործընթացները նպաստել են Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման հեռանկարների ձևավորմանը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Մակրոնի աջակցությունը Հայաստանին եղել է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև անձնական մակարդակում՝ ընդգրկելով անվտանգությունը, ինքնիշխանությունն ու պետականության ամրապնդումը։
«Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը»,- ասել է նա՝ նշելով, որ այդ աջակցությունը արտահայտվել է կոնկրետ քայլերով և որոշումներով։
Փաշինյանը հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում դեպք, երբ Հայաստանի պետական շահերին վերաբերող հարցերում Մակրոնի արձագանքը չլինի արագ, կոնկրետ և գործնական։
Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի կողմից Ֆրանսիայի նախագահին շնորհված բարձրագույն պարգևը իրականում գնահատանքի արտահայտություն է այն շրջադարձային ծառայության համար, որը Մակրոնը մատուցել է Հայաստանին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։