ԱՄՆ-ն զգուշացրել է Ուկրաինային՝ եկել է պատերազմի շրջադարձային պահը. Ռուսական ներխուժման տարելիցին սպասվում է ևս 10 մլրդ-ի օգնություն ԱՄՆ-ից. The Washington Post
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի իշխանություններին նախազգուշացրել է, որ եկել է պատերազմի հետագիծը փոխելու վճռական պահը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սպիտակ տան աշխատակիցները կարծում են, որ Ռուսաստանը, ինչպես սպասվում է, գարնանը կսկսի հարձակումը, իսկ Ուկրաինան կարող է հակահարձակման անցնել կորցրած տարածքները վերադարձնելու համար: Այն մասին, որր հաջորդող ամիսները լինելու են կրիտիկական, ուկրաինական իշխանություններին հայտնել են հունվարին Կիև այցելած ամերիկացի պաշտոնյաները:
Ամերիկացի ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ուկրաինական զորքերի համար դժվար կլինի միաժամանակ և՛ պաշտպանել Բախմուտը Դոնեցկի մարզում, որի համար երկար ամիսներ մարտեր են ընթանում, և՛ սկսել գարնանային հակահարձակումը՝ վերադարձնելու համար տարածքները, որոնք ԱՄՆ-ն ավելի կարևոր է համարում։ WP-ի զրուցակիցներն ասում են, որ եթե Ուկրաինան մարտեր վարի ամենուրեք, որտեղ Ռուսաստանը զորք է ուղարկում, ապա դա ձեռնտու կլինի Ռուսաստանի իշխանություններին։
ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը Կիևի վրա, քանի որ Սպիտակ տան համար ավելի դժվար կլինի հասնել նրան, որ Կոնգրեսն Ուկրաինային հատկացնի այնպիսի ծավալի օգնություն, ինչքան ավելի վաղ էր հատկացնում, քանի որ որոշ հանրապետականներ հանդես են գալիս աջակցության կրճատման օգտին: Ջո Բայդենի վարչակազմն այժմ աշխատում է Կոնգրեսի հետ՝ Ուկրաինային 10 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու համար: Սպասվում է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ռուսական ներխուժման տարելիցի օրը՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետ մեկտեղ։
ԱՄՆ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են հնարավորինս երկար աջակցել Ուկրաինային, միաժամանակ զգուշացնում են, որ ամռանը Կիևը կսպառի ամերիկյան օգնության ընթացիկ փաթեթը, որից հետո դժվար կլինի հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով։