«Սա խայտառակություն էր»․ ՀԱՊՀ ռեկտորի նախկին թեկնածուների արձագանքը՝ Կառավարության կողմից ռեկտորի ընտրության արդյունքի հաստատմանը
«Հիասթափված եմ, որ Կառավարությունը ի վերջո գնաց այդ քայլին։ Դատական կարգով բողոքարկելու եմ՝ ընդհուպ մինչև Կառավարության որոշման բողոքարկում» - անդրադառնալով այսօր Կառավարության կողմից Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքի հաստատմանը՝ այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊՀ ռեկտորի նախկին թեկնածու Դավիթ Ղազարյանը։

«Հիմա փաստաբանների հետ փորձում ենք հասկանալ՝ միայն եղած հայցով բավարարվե՞նք, թե՞ Կառավարության որոշումը չեղյալ համարելու մասով նույնպես դիմենք։ Այս պահին քայլերը դրանք են։ Այլ ճանապարհ չթողեցին, որովհետեւ ես հույս ունեի՝ չէր հասնի սրան, բայց այս պահին միայն դատական կարգով բողոքարկելու ենք եւ արդյունքի հասնելու ենք անպայման, որովհետեւ սա խայտառակություն էր», - ասաց նա։

Նախկին թեկնածուներից Արամ Միքայելյանը նշեց, որ իր համար նախ տարօրինակ  է ԿԳՄՍ եզրակացությունը, որ ընտրությունները անցել են առանց էական խախտումների։

«Մենք արձանագրություններ ենք պահանջել ընտրություններից, սակայն արձանագրությունները ստացանք 1 ամիս 40 օր ուշացումով․ այդ մասին խոսվել է բազմիցս: Դրանք հեռու են հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրություններ լինելու օրակույտից՝ կցկտուր գրառումներ են, որոնք, ըստ էության, չեն ներկայացնում այդ նիստերի ընթացքի արծարծումները», - ասաց նա։

Միքայելյանի խոսքով,  ընտրությունների հիմնական խնդիրը, նախընտրական ընթացքին է վերաբերվում, որտեղ հոգաբարձուների խորհուրդը կամայական կերպով փոփոխություններ է արել ընտրակարգի մեջ: 

«Ասում են՝ դա մեր իրավունքն է, ինչ ուզենք կանենք, դուք ո՞վ եք: Ոչ մեկի հետ առանց խորհրդակցության այդ 45 կետը նախորդ ընտրակարգից նույնությամբ տեղափոխվել է այստեղ։ Մեկ թեկնածույով երկրորդ փուլ կազմակերպելու իրավասությունը աբսուրդ է, այսինքն՝ Սահմանադրությունում դրան բացառող գրառում չկա, հասկանու՞մ եք՝ սրանք ծիծաղելին են», - նշեց Միքայելյանը։

Միքայելյանի խոսքով՝ ռեկտոր ընտրված  Գոռ Վարդանյանի համար թեկնածուների թույլատրելի կենսագրական տվյալների  գիտական, մանկավարժական, ուսումնական առնվազն 5 տարվա փորձին զուգահեռ մտցվեց կառավարման փորձ: 

«Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է դա նշանակում: Այսինքն՝ Գոռ Վարդանյանը աշխատեց ռեկտորի օգնական, հետո՝ չգիտեմ որտեղից վերցվեց արհեստածին մի պաշտոն՝ պրոռեկտոր աշխատակազմի գծով և դա հիմք ընդունեցին որպես՝ բավարար փորձ Պոլիտեխնիկի նման համալսարանը ղեկավարելու համար, որտեղ մարդիկ մեկ ժամ անգամ դասախոսություն չեն կարդացել, իրավունք ստացան լինել համալսարանի ռեկտոր», - հավելեց ռեկտորի նախկին թեկնածուն։

Նշենք, որ Կառավարությունը այսօր հաստատել է ՀԱՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները։ Որոշման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի Պոլիտեխնիկական համալսարանի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանը ընտրված ռեկտորի կողմից:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվել էր, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել էր հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, հայտարարվել էր, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել են ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ:

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Վարդանյանը 2012-2017թթ․ եղել է նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:

Ռեկտորի նախկին թեկնածուներից Դավիթ Ղազարյանը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայց է ներկայացրել դատարան։