ԱՄՆ-ը Ուկրաինային չի մատակարարի F-16 կործանիչներ
Միացյալ Նահանգները մտադիր չէ Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բայդենը «ոչ» է պատասխանել համապատասխան հարցին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելի ուշ Բայդենի վարչակազմի պաշտոնյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ն առանց այն էլ Ուկրաինային մեծ քանակությամբ զենք է մատակարարում։

«Այդ մասին ես կարող եմ ասել, որ արդեն զգալի ծավալով օգնություն ուղարկվում է և կշարունակվի ուղարկվել առաջիկա շաբաթներին և ամիսներին: Դրանք այն զենքերն են, որոնք, ինչպես մենք գիտենք, ուկրաինացիների համար շատ կարևոր նշանակություն կունենան ինչպես ձմռանը, այնպես էլ այն ռազմական գործողությունների համար, որոնց նրանք սպասում են գարնանը»,- CNN-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԱՄՆ-ը որոշեց Կիևին չմատակարարել արևմտյան F-16 կործանիչներ: