«Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը ի վիճակի չէ խոչընդոտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, խնդրում ենք դիտարկել Արցախում լրացուցիչ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը»․ Արցախի ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին
Շուրջ երեք տասնամյակ ԵԱՀԿ Մինսկի խումբը և, հետևաբար, նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդական դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիների որոնման մեջ՝  ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքները ներառում էին նաև կարևոր սկզբունքներ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, որի հիման վրա պետք է որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը, և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում: Սակայն Արցախի և նրա ժողովրդի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, հետ մղեց հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկարամյա ջանքերը։ Վստահ ենք, որ ուժի ոչ լեգիտիմ կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համապարփակ կարգավորման ելման կետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակը, ինչպես նախկինում, կարիք ունի միջազգային ճանաչման՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման վրա։ 

Օգտվելով միջազգային ասպարեզում ստեղծված բարդ իրավիճակից և Արցախի Հանրապետության անկախության չճանաչումից՝ Ադրբեջանի իշխանությունները դիմել են Արցախի ժողովրդի նկատմամբ հերթական հանցավոր գործողության՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակելով միջազգայնորեն ճանաչված տրանսպորտային հաղորդակցությունը Լաչինի (Բերձոր) միջանցքով, որը Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Արցախի շրջափակումը ոտնահարում է Արցախի 120.000 բնակչության իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ 30.000 երեխաների, ինչպես նաև մի քանի տասնյակ հազար կանանց ու տարեցների։ Արցախի շրջափակման հետևանքով արդեն իսկ լուրջ խնդիրներ են առաջացել դեղորայքի ու սննդի ապահովման հետ կապված, երկիրը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։
Ադրբեջանի իշխանություններն իրենց հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ Որպես այլընտրանք առաջարկվում է կա՛մ իսպառ բնաջնջում, կա՛մ Արցախի բնիկ հայ ժողովրդի նկատմամբ պարտադրանք՝ լքելու իրենց մշտական բնակության վայրերը։ 

Թուրքիայի ղեկավարության պաշտոնական աջակցությամբ՝ 120.000 Արցախի քաղաքացիներին պատանդ վերցնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և նրանց ազատ արձակման համար պաշտոնական Բաքվի կողմից առաջադրված պայմանները, որոնք, միջազգային իրավունքի համաձայն, ունեն քաղաքական և մերկանտիլիստական բնույթ, միջազգային ահաբեկչության դրսևորման ամենաբարձր   ձևն են: 

Թուրք-ադրբեջանական տանդեմի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների, Ռուսաստանի կոչերը՝ կիրառելու միայն քաղաքական գործիքներ, պատշաճ ազդեցություն չեն ունենում էթնիկ հայերի դեմ տանդեմի ցեղասպան քաղաքականության վրա։

Քանի որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ի վիճակի չէ խոչընդոտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իր վրա դրված պարտավորություններին, խնդրում ենք ձեզ դիտարկել Արցախում լրացուցիչ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ օժտված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  մանդատով՝ ապահովելու համար Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունը։ 

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որում ձեր կողմից ղեկավարվող երկրներն ունեն մշտական անդամի կարգավիճակ, ունի բավարար միջազգային իրավական հիմքեր և հնարավորություններ լիովին կիրառելու անհրաժեշտ գործիքները՝ ուղղված Ադրբեջանին զսպելու իր ցեղասպան մտադրությունների իրագործումից և դադարեցնելու նրա հանցավոր գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը: