Շրջափակում, օր 36-րդ․ Արցախում 726 տնտեսվարող սուբյեկտ աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է գործունեությունը, առնվազն 3 400 մարդ կորցրել է աշխատանքը
14 երեխա գտնվում է Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում։ Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։