Brent տեսակի նավթի գինն ընկել է մեկ բարելի դիմաց $82-ից, իսկ WTI-ի գինը՝ $75-ից
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում հունվարի 11-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 82 դոլարից, իսկ ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի գինն իջել է 75 դոլարից. դա նվազագույն մակարդակն է 2021 թվականի դեկտեմբերից ի վեր: Վերլուծաբանները գների անկումը կապում են Վենեսուելայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների թուլացման և նավթի խոշորագույն ներկրող
Չինաստանում կարանտինային միջոցառումների դեմ բողոքի հետ, փոխանցում է Bloomberg-ը։
Brent-ի հունվարյան ֆյուչերսների արժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 05:03-ի դրությամբ կազմել է 81,66 դոլար. այս մասին են վկայում ICE տվյալները: Գինը նվազել է 2,36%-ով։ Մոսկվայի ժամանակով ժամը 4:43-ին Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 81,19 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI նավթն էժանացել է 2,5%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 74,37 դոլարի։
Թրեյդերները որպես պահանջարկի սպառնալիք են գնահատել Վենեսուելայում նավթի արդյունահանումը վերսկսելու համար Chevron-ին լիցենզիա տրամադրելու ԱՄՆ որոշումը և հակավիրուսային կոշտ սահմանափակումների դեմ բողոքները, որոնք ծավալվել են աշխարհում նավթի խոշորագույն ներկրող Չինաստանում: