Ենթակառուցվածքների զարգացմամբ շտապբուժօգնության որակը պետք է բարձրանա, բայց մենք շեշտը դնում ենք նաև մասնագիտական վերապատրաստումների վրա․ Ճապոնիայի կառավարության նվերը Երևանին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ճապոնիայի կառավարությունը շտապօգնության նոր սերնդի 39 ավտոմեքենա նվիրաբերեց Հայաստանին։ 39 մեքենաներից 35-ը գծային շտապօգնության մեքենաներ են, 4-ը՝ ռեանիմոբիլ:
Մեքենաների հանձնման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք:
Նոր մեքենաները համալրելու են Երևանի շտապբուժօգնության շարժակազմը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 3,5 մլն դոլար։
Նախարար Ավանեսյանը ելույթի իր խոսքում բարձր գնահատեց այն շարունակական օգնությունն ու մասնագիտական աջակցությունը, որը Ճապոնիայի կառավարությունը տրամադրում է Հայաստանին։
Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև անձամբ դեսպանին՝ ներդրած ջանքերի համար։
Դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշեց, որ ծրագիրն իրականացվել է Կովիդ 19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում։ Դեսպանն ընդգծեց նաև, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանն ու Ճապոնիան զարգացրել են բարեկամական հարաբերությունները և բժշկական ծառայությունների բարելավումը, առողջապահական ոլորտը հայ-ճապոնական հարաբերությունների առաջնահերթություններից է։
Եղած շարժակազմի մի մասը, որը գտնվում է լավ վիճակում, շարունակելու է օգտագործվել Երևանում, իսկ մի մասը կտեղափոխվի մարզեր։
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մեքենաները համալրված են ժամանակակից սարքավորումներով, և վստահություն հայտնեց, որ բժշկական օգնության որակը այս բարեփոխումից հետո պետք է ավելի բարձրանա: Նախարարն ընդգծեց, որ բարեփոխումները չեն սահմանափակվում միայն ենթակառուցվածքների թարմացմամբ, այլ միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում բուժանձնակազմի վերապատրաստումների ուղղությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան