«2022թ. արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտը 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը, իսկ սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018-ի նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոսով 2018-ի համեմատ ավելացրել ենք բյուջեի եկամտային մասը»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023թ. պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203.7 մլրդ դրամ, որը 2018-ի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով. «Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտները ավելացնելու ենք 75 տոկոսով: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք, որ մոտ 80 մլրդ-ով կգերակատարվի նախապես պլանավորվածից»: