Ակնկալում ենք, որ որոշակի ժամանակ անց գազի, էլեկտրաէներգիայի սակագինը իջնելու է. ԿԲ նախագահ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Քանի որ գազի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ էական կոմպոնենտ է արժութային փոխարժեքը, մենք ակնկալում ենք, որ որոշակի ժամանակ անց գազի, էլեկտրաէներգիայի սակագինը իջնելու է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դոլարի նկատմամբ սահմանափակ հասանելիությունը։
Նրա խոսքով՝ կոմպոնենտները, որոնք մտնում են, օրինակ, սահմանին գազի գնի ձևավորման մեջ, դոլարային են, և քանի որ դոլարի փոխարժեքն իջել է՝ պետք է գների որոշակի ճշգրտում լինի։
Մարտին Գալստյանն ընդգծեց նաև, որ համաշխարհային շուկայում պահանջարկի անկում է սպասվում, ինչի արդյունքում էլ գների ճշգրտում կլինի։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած պատժամիջոցներին՝ ԿԲ նախագահը նշեց, որ շատ լուրջ հետևում են պատժամիջոցներին ու զերծ են մնում այդ պատժամիջոցների տակ հայտնված անձանց հետ՝ ֆիզիկական, թե իրավաբանական, համագործակցությունից. «Բանկերը ևս իրենց ռիսկերը հաշվի առնելով վարում են իրենց քաղաքականությունը։ Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղղորդում չկա»։