«Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ մենք տեսանք, թե փետրվար ամսից որքան զբոսաշրջիկներ, գործարարներ, ռուս և այլ երկրների գործընկերներ ժամանեցին Հայաստան և իրենց հետ բերեցին արժութային որոշակի քանակություն, և, տարբեր արժույթներով պայմանավորված, մեզ մոտ տեղի ունեցավ դրամի արժևորում: Այդ շրջանում դրամն արժևորվեց դոլարի նկատմամբ, սակայն հիմա մի փոքր դրամի արժեզրկում է նկատվում»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։
Խոսելով ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիների մասին, որոնք այստեղ բիզնես են հիմնել կամ ցանկանում են հիմնել, տնտեսագետն ասաց, որ թե՛ ռուս-ուկրաինական պատերազմը, թե՛ վերջին շրջանում ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացները էապես նպաստեցին, որ թե՛ ռուս, թե՛ հայազգի մեր գործընկերները, բարեկամները վերադառնան Հայաստան։
«Կան շատ հաջողված փորձեր, օրինակներ, որտեղ մարդիկ եկել են, հաստատվել են, բացել են իրենց բիզնեսը, և կան իհարկե դեպքեր, երբ Հայաստանն օգտագործել են որպես տրանզիտ երկիր և Հայաստանից մեկնել են այլ երկիր։ Այստեղ հաշվում ենք, որ մոտավորապես 2000 փոքր, միջին անհատ ձեռներեցներ, ընկերություններ են եկել ու հիմնադրվել, և շուրջ 300 խոշոր ընկերություններ են եկել հիմնադրվել։ Դա դինամիկ գործընթաց է. գալիս են, գնում են, բացվում են, փակվում են»,- ասաց Համլետ Մկրտչյանը։
Խոսելով նաև տնտեսության ընդհանուր վիճակի մասին՝ տնտեսագետն ասաց, որ համաշխարհային տնտեսությունը փոթորկի մեջ է, և փորձ է կատարվում մի կողմից՝ աշխարհակարգ փոխել, մյուս կողմից՝ պահպանել աշխարհակարգը, և այդ բարդ պայմաններում իհարկե շատ անորոշություններ և ռիսկեր կան, իսկ տնտեսվարողների, բիզնեսմենների և ներդրողների համար ռիսկերն ու անորոշությունները կարևորագույն գործոն են, և մարտահրավերները, որոնք կախված են ամբողջ աշխարհի վրա, Հայաստանն այստեղ այդ մարտահրավերները վերափոխարկում է հնարավորության։
Անդրադառնալով նաև բեռնափոխադրումների իրականացման այլընտրանքային ուղիներին՝ տնտեսագետն ասաց, որ ՀՀ-ի ճանապարհային երթուղին հյուսիսից հարավ է, և այս խնդրի երկարաժամկետ լուծումը ճանապարհների ապաշրջափակումն է։
«Ներկայումս նախատեսվում է լաստանավի իրագործումը, ներդրումը, որն էապես կթեթևացնի Լարսի ծանրաբեռնվածությունը, և հույս ունենք մինչև ձմեռ այդ լաստանավն աշխատեցնել»,- ասաց տնտեսագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան