«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օրենքով սահմանված կարգով, առանց լրացուցիչ վարչարարության, վճարում են հարկերը: Սա շատ կարևոր է, որովհետև այդ միջոցները ծախսվում են մեր պետության բնականոն կյանքը ապահովելու, այդ թվում՝ զինված ուժերի բարեփոխումների համար»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ բացի սեպտեմբերին տեղի ունեցած բարձրացումներից, կենսաթոշակների ևս մեկ ավելացում է սպասվում, ինչը տեղի կունենա 2023թ. հուլիսի 1-ից:
«Ըստ էության բոլոր ուղղություններով ֆինանսավորումն ավելանում է՝ կրթության, պաշտպանության, գիտության ոլորտներում: Կապիտալ ծախսերի ոլորտում ֆինանսավորումը շատ «դրամատիկ» չի ավելանում շատ տրիվիալ պատճառով. ցավոք, մեր երկրում կարողություններն այնքան զարգացած չեն, և մենք մեր կապիտալ ծախսերը խրոնիկ կերպով թերակատարում ենք, ուստի իմաստ չունի ավելացնել շատ մեծ կապիտալ ծախսերը՝ իմանալով, որ դրանք չեն իրացվելու: Խնդիրը կառավարության մեջ չէ, որովհետև կապիտալ ծախսերն իրականացնում են մասնավոր ընկերությունները: Ցավոք, մեր երկրում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որ մեզ համար ցանկալի ինտենսիվությամբ այդ կապիտալ ծախսերն իրականացնեն, բայց մենք ավելացնելու ենք այդ ծախսերը»:
Վարչապետի խոսքով՝ այս տարի սպասվում է տնտեսական երկնիշ աճ. «Մենք նույնիսկ չենք բացառում, որ կունենանք տնտեսական աճի այնպիսի ցուցանիշ, որով կկարողանանք արձանագրել, որ 2020 թվականի, այսպես ասած, ճգնաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել և անցնել, այսպես ասած, բնականոն տնտեսական աճի ռեժիմի»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը, նշեց. «Այն փորձը, որ ունենք հանրակրթության ոլորտում, պետք է դառնա օրինակելի աշխատավարձերի բարձրացման առումով. աշխատավարձերի էական, անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ: Նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ ենք արձանագրում»: