«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Երևան-Բաթում-Երևան» երթուղին սպասարկող «Արմենիա» գնացքի երթևեկությունն այս տարի նկատելի կրճատվել է։ Այժմ շաբաթական ընդամենը 2 չվերթ է իրականացվում՝ նախորդ տարիների ամենօրյա չվերթների փոխարեն, այն դեպքում, երբ Վրաստանը Հայաստանի հիմնականում միջին և ցածր եկամտաբերություն ունեցող քաղաքացիների ամենանախընտրելի հանգստի ուղղություններից մեկն է։ Եթե նախորդ տարի, կորոնավարակի սահմանափակումներով պայմանավորված, բավականին նվազել էր մեր քաղաքացիների զբոսաշրջային նախընտրելի ուղղություններից Երևան-Բաթումի, Երևան-Թբիլիսի գնացքով ուղևորափոխադրման հոսքը, ապա այս տարի Վրաստան հոսքը կտրուկ մեծացել է, վերջին ամիսներին՝ շուրջ 2 անգամ։ Վրաստանի ծովափնյա քաղաքներ հանգստանալու մեկնող հայ ուղևորները այս առիթով մեծ դժգոհություն են հայտնում, որ ստիպված են ավտոբուսով նստած հասնել Բաթումի, քանի որ գնացքի տոմս չկա։
Ուղևորափոխադրման հոսքի մեծացմանը զուգահեռ այս տարի նկատվում է նաև տոմսերի գների աճ։ Օրինակ, 4 կարգի տոմսերը հնարավոր է գնել 12 940-34 130 դրամի սահմաններում։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2016 թվականին դեպի Բաթում տոմսերի գները եղել են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում։
Civic.am-ը երկաթուղային միակ ուղևորափոխադրող Հարավկովկասյան երկաթուղու՝ չվերթները կրճատելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեց ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, թե արդյոք օրինաչա՞փ է և ոլորտում բացարձակ մենաշնորհ ունեցող ընկերությունը կարո՞ղ է նման որոշում կայացնել՝ ՀՀ քաղաքացիներին փաստացի զրկելով գնացքով հանգստի մեկնելու հնարավորությունից։ ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ասաց, որ հանձնաժողովը այդ ընկերության գործունեության խնդիրների հետ կապված դեռևս ահազանգ չի ստացել, չի ուսումնասիրել և այս պահին որևէ դիտարկում չի կարող անել, սակայն նկատի ունենալով մեր հարցադրումները, ինչպես նաև գների բարձրացման պատճառները՝ կուսումնասիրեն և հնարավոր է՝ ինչ-որ ընթացք տան։
«Հարավկովկասյան երկաթուղու» խոսնակը՝ Ռուբեն Գրձելյանը, մեր հարցին, թե ընկերությունը պատրաստվո՞ւմ է գոնե մյուս տարի փոխել մարտավարությունը և ավելացնել չվերթները, պատասխանեց, թե, հաշվի առնելով մեծ պահանջարկը և երթևեկության թվի կրճատման հետ կապված դժգոհությունները, իրենք շատ մեծ ցանկություն ունեն՝ ավելացնելու Երևան-Բաթում-Երևան շաբաթական երթևեկության քանակը, սակայն դա միայն պահանջարկից ու իրենց ցանկությունից չի կախված, այլ առաջին հերթին պայմանավորված է գործընկեր Վրաստանի կազմակերպության տեխնիկական խնդիրներով, նաև՝ իրենց հնարավորություններով. «Խնդիրն այն է, որ վրացական ընկերությունը հայտնում է, որ խիստ ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում, հատկապես այս տարի այն հասել է անասելի գերծանրաբեռնվածության։ Վերջինս խնդիրներ ունի շարժակազմի հետ. այս տարի, օրինակ, այդ պատճառով մենք մեր շարժասանդուղքներով ենք երթևեկում։ Բացի դրանից՝ շատ այլ հարցեր էլ կան»,- ասաց մամուլի խոսնակը՝ հավելելով, որ Երևանից դեպի Բաթում փոխադրման հաջորդ տարվա գրաֆիկը և ընդհանուր ծրագիրը կքննարկվեն գարնանը և հաշվի կառնվեն այժմյան բոլոր հարցերը։
Ուշագրավ է, որ նախորդ տարիներին փաստորեն ոչ վրացական կողմը, ոչ Հայաստանի երկաթգիծը շահագործող ռուսական ընկերությունը նման խնդիրներ չեն ունեցել։
Նշենք, որ ՀԿԵ խոսնակը ավելի վաղ անդրադարձել էր տոմսերի գների բարձրացմանը և նշել, որ դա հիմնականում կապված է շվեյցարական արժույթի տատանման, ինչպես նաև շարունակական բարեփոխումների հետ։
Թամարա Ղազարյան