«Թուրքիայի հետ մոտեցումներ ճշտելը բարդ է, երբ Ռուսաստանը Հայաստանի թիկունքում համագործակցում է Էրդողանի հետ»․ թուրքագետ
Մի քանի օր է համացանցում «թուրքն իմ թշնամին է» խորագրով ֆլեշմոբ է սկսվել։ Հայ-թուրքական հարաբերութունների թեման «փոթորկվեց» Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարություններից հետո։ 

Իշխանության հասցեին սկսեցին մեղադրանքներ հնչել, թե պատերազմից կես տարի անց արդեն փորձ են անում Թուրքիայի հետ բարեկամություն անել։
 
Ուշագրավ է, սակայն, որ Թուրիայի հետ բարեկամության մասին ոչ ոք չի խոսել իշխանության կողմից։ Խոսք է գնացել բացառապես մոտեցումները ճշգրտելու մասին։ Այսօր էլ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Լիլիթ Մակունցը նշել էր, որ իշխանությունից որևէ մեկի կողմից չի նշվել «բարեկամանալ» մեկնաբանությունը.«Նման բառ, նման մոտեցում, նման մեկնաբանություն չի հնչել»,-ասել է Մակունցը։   

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այն քաղաքական դերակատարները, որոնք ընդդիմադիր են, ցանկացած առիթ օգտագործում են՝ մանիպուլիացիայի միջոցով քննադատելու իշխանություններին և հասարակության մոտ իշխանությունների նկատմամբ բացասական մոտեցում ձևավորելու։ 

«Իշխանության խնդիրն է, որ հնարավորություն է տալիս այդ մանիպուլիացիաներն անելու համար։ Իշխանությունը բավականին անորոշ է արտահայտվում, շատ հարցերում չի կարողանում պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը։ Այն, որ իշխանության այդ անորոշ արտահայտությունները, հայտարարությունները կարող են վերցվել և մանիպուլացվել  ընդդիմության կողմից, դա նորմալ, քաղաքական խաղին բնորոշ    քաղաքական գործընթաց է։ Պարզապես իշխանության տեխնոլոգները պետք է  դրանք կանխատեսեն և դրանց դեմ մշակեն որոշակի գործողություններ, ինչը, ցավոք, չի արվում։ Իշխանության խնդիրն է, որ չի կարողանում հանրությանը մատուցել իր մոտեցումներն այնպես, որպեսզի հանրության մոտ հարցեր չառաջանան»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Ղևոնդյանը։
 
Ինչ վերաբերում է բուն քննարկմանը, ապա քաղաքագետը նշեց, որ չթշնամություն չանելու թեզը դժվար է պատկերացնել, քանի որ հնարավոր չէ թշնամություն չանել մի պետության հետ, որը զավթել է քո տարածքների 90 տոկոսը և անընդհատ՝ պետական մակարդակով, խոսում է, որ հայը իր թշնամին է, իրենց մոտեցումները հիմնված են բացառապես հայատյացության վրա։ Բայց, ըստ Ղևոնդյանի, թշնամու հետ կարելի է  բարեկամություն չանել, բայց նրա հետ կարելի է և պետք է խոսել, հարաբերություն ձևավորել.«Այո, շան հետ կարելի է  բարեկամություն անել, բայց փայտը ձեռքից չգցել։ Բայց մենք դա էլ չենք  փորձում անել, այլ փորձում ենք երրորդ երկրների միջոցով ժամանակ առ ժամանակ տեղեկություններ փոխանցել կամ հարաբերություն կառուցել։ Բնականաբար, երրորդ երկրներն էլ իրենց շահերն են այդտեղ առաջ տանում՝ թքած ունենալով հայկական շահի վրա։ Եվ որպեսզի այդպես չլինի, պետք է ընդամենը  ընդունել, որ թուրքը  թշնամի է և դրանով հանդերձ փորձել նրա հետ հարաբերություն զարգացնել։ Թե որքանով դա կստացվի՝ դա արդեն հարցի մյուս կողմն է»,-եզրափակեց քաղաքագետը։
Անկախ նրանից՝ իշխանությունը խոսել է Թուրքիայի հետ բարեկամության մասին, թե դրանք ընդդիմության կողմից քաղաքական մանիպուլիացիաներ են, գործընթացը ինքնին վտանգավոր է՝ կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Այն իմաստով, որ այս տարի ԱՄՆ-ից մեծ ակնկալիք կա Հայոց ցեղասպանության ճանաչման առումով  և դրա նախաշեմին հայ-թուրքական հնարավոր բարեկամությունը հրապարակային քննարկման առարկա դարձնելը կարող է վնասել գործընթացին։ 

«Միանգամայն ավելորդ քննարկումներ են։ Հայտարարություններ եղել են, որ Բայդենը հակված է  այս տարի ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Իսկ հիմա նման հարցեր քննարկելով Բայդենին դնում ենք ծանր կացության մեջ այն առումով, որ նա դառնում է  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խոչընդոտ։ Սա  պետք է հաշվի առնել։ Ապրիլի 24-ից առաջ բացարձակ կարիք չկար, որ Հայաստանում նման հարցեր քննարկվեն։ Եթե Բայդենը ճանաչի հայոց ցեղասպանությունը, դա Հայաստանի հեղինակությունը կբարձրացնի միջազգային ասպարեզում։ Թուրքիան միլիարդավոր դոլարներ է ծախսում, բայց սպառել է իր ժխտողականության դիրքերը։ Եթե Բայդենը ճանաչի հայոց  ցեղասպանությունը, ապա Թուրքիայի հնարավորությունները խիստ կսահմանափակվեն։ Հետևաբար, կրկնում եմ, խիստ անտեղի, ավելորդ է այս օրերի քննարկումները»,- Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց Չաքրյանը։ 

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայի հետ բարեկամությունն անհնար է, իսկ մոտեցումներ հստակեցնելը նման ձևով չի արվում.«Թուրքիայի հետ մոտեցումներ հստակեցնելը այս ձևով չի արվում։ Նախաձեռնությունը չպետք է մեր իշխանությունը վերցնի իր վրա։ Եթե Հայաստանը չի կարողանում ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությամբ ապահովել Լաչինի միջանցքի գործունեությունը և անգամ զոհված  զինվորների աճյուններն են քարկոծման տակ դուրս հանվում, ապա ինչի մասին է խոսքը։ Ինչպե՞ս են դրանից հետո ամբողջ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների անվտանգությունը ապահովվելու։ Եվ հետո պատերազմի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ իրենք ներգրավվել են այս պատերազմում, որպեսզի 1915 թվականի երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնեն։ Այսինքն, Հայաստանը կրկնակի ցեղասպանության ենթարկեն։ Հիմա ի՞նչ, Էրդողանը փոխվե՞լ է, որ մենք դրել ու քննարկում ենք Թուրքիան թշնամի է, թե ոչ։ Թշնամին էլ ո՞նց է լինում։ Ի վերջո Թուրքիան է Հայաստանի հետ շփումների համար նախապայմաններ առաջադրել»,-ասաց Չաքրյանը։
 
 Բարեկամությունից բացի, Թուրքիայի հետ մոտեցումներ, հարաբերություններ հստակեցնելը Չաքրյանը կրկին բարդ է պատկերացնում այն պարագայում, երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի թիկունքում համագործակցում է Էրդողանի հետ։ Էրդողանն էլ իր բոլոր հակահայկական քայլերը համաձայնեցնում է  Պուտինի հետ.«Ես անգամ համոզված եմ, որ ներկայիս քննարկումները, պաշտոնյաների հայտարարությունները ոչ թե սեփական նախաձեռնությամբ են, այլ Պուտինի նախաձեռնությամբ։ Եվ հետո  ամեն տարի էլ ապրիլի 24-ից առաջ նման քննարկումներ եղել են, եղել են նաև Թուրքիայի կողմից, հետո կողմերը հրաժարվել են դրանից։ Հիմա՝ տուրք տալ այդ քննարկումներին, նշանակում է ընդառաջել Թուրքիայի նկարտումներին։ Այս քննարկումները շատ նման են թուրքական մի ասացվածքի՝ իշուց առաջ ախոռը մտնել»,-եզրափակեց թուրքագետը։

Արփի Հարությունյան