Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության բացասական միտումը ժամանակավոր բնույթ է կրում. ԿԲ փոխնախագահ
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ժամանակավոր բացասական եկամտաբերությունը հետագայում շատ ավելի մեծ եկամուտներ է բերելու։ Այս մասին «Առավոտ»-ի «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով այս տարվա երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության բացասական միտումներին։

«Երբ տոկոսադրույքները նորից սկսեն իջնել, իսկ աշխարհում այդպես է՝ ամեն 5-10 տարին մեկ տոկոսադրույքները բարձրանում և իջնում են, իջնելու պարագայում ցածր գնով գնված ակտիվներն արժևորվելու են և շատ ավելի մեծ եկամտաբերություն են ապահովելու»,- նշել է Երիցյանը։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ևս այն կարծիքին է, որ  այս պահին առկա բացասական եկամտաբերությունը ժամանակավոր բնույթ է կրում, և ամբողջ համակարգին քննադատելը տեղին չէ։ 

«Ես նաև ոգևորված եմ մարդկանց այս մտահոգություններով: Տարիներ շարունակ ասում էինք ՝ հետևեք ձեր կենսաթոշակային ֆոնդին, դա ձեր ծերության երաշխիքն է: Ի վերջո, բացասական իմաստով մարդիկ մտահոգվեցին: Բայց երբ վերականգնվի, դրականը շատ ավելի մեծ է լինելու: Կուտակված գումարի մեծացմանը զուգահեռ տատանումը բացարձակ թվով մեծ է լինում», - շեշտել է Խուրշուդյանը։ 

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր է կատարում պետությունը, երբ քաղաքացիները տուժում են, Ներսես Երիցյանը նշել է, որ պետությունը ռիսկերի որոշակի սանդղակ է սահմանել, որին կառավարիչները պետք է հետևեն։ «Կառավարիչներին չի թույլատրվում սպեկուլյացիաներ իրականացնել։ Օրինակ՝ կառավարիչները կարող էին այս ընթացքում մտնել սպեկուլյացիայի մեջ և ողջ բաժնետոմսերը, պարտատոմսերը կանխիկ դարձնեին, ավանդ դնեին, և դրական եկամտաբերություն ունենայինք: Դա չի թույլատրվում կառավարիչներին, որովհետև այն պորտֆելը, որում ներդրում է արված, իր մեջ երկնիշ եկամտաբերության պոտենցիալ ունի: Այդ պորտֆելը իրացնելը նշանակում է, որ մենք կկորցնեինք այդ պոտենցիալը: Այս ժամանակավոր բացասական եկամտաբերությունը հետագայում շատ ավելի մեծ եկամուտներ է մեզ բերելու, որովհետև երբ փայի արժեքն իջել է, հաշիվներին մեր վճարած դրամով գումարի դիմաց ավելի շատ փայեր ենք գնում»,- մանրամասնել է ԿԲ նախագահի տեղակալը։ 

Խուրշուդյանն իր հերթին նշել է, որ 2042 թ-ից ծերացումը շատ ուժեղ հարվածելու է Հայաստանին։ «Հայաստանի աշխատաշուկան խաթարված է, գործազրկությունը բարձր է, և կուտակային կենսաթոշակային համակարգը բոլորին չի ծածկել: Ով դուրս է մնացել, նրանք ծերության նպաստ կամ ծերության թոշակ են ստանալու: Այսինքն՝ ով չի աշխատել միայն այդ գումարն է ստանալու, իսկ ով աշխատել է, ստանալու է այդ նվազագույն թոշակը և իր կուտակածը: Մեր այս համակարգը սոցիալիստական չի, որ երաշխավորված մեծ թոշակ ապահովի, բայց 2042 թ-ին սպասվող խնդրի լուծում է», - ընդգծել է տնտեսագետը։