Երեկվանից ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենց կենսաթոշակային ֆոնդերը բացասական արդյունքներ են գրանցել՝ կորուստներ ունեն։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը այսօր ի պատասխան այդ առթիվ Civic.am-ի հարցին՝ նշեց, որ կենսաթոշակային ֆոնդի և ցանկացած ներդրումային ֆոնդի գործունեություն պետք է դիտել երկարաժամկետ հատվածում։ Երկարաժամկետ առումով արդյո՞ք կան ռիսկեր, որ քաղաքացիները ի վերջո վնասներ կկրեն։ Այս հարցին ի պատասխան նախարարի տեղակալն արձագանքեց. «Հարցի պատասխանը ստանալու համար պետք է նայենք՝ «Ամունձի»-ին, որը տարբեր երկրներում տարբեր ֆոնդեր է կառավարել, այդպիսի դեպքեր ունեցե՞լ է, թե՞ չէ»։
2022 թվականի 1-ին կիսամյակի կենսաթոշակային ֆոնդերի վնասաբերությունը մեկնաբանվում է մի շարք գործոնների աղդեցությամբ, որոնք բացասաբար են ազդել համաշխարհային տնտեսության վրա՝ մասնավորապես ամբողջ աշխարհով տարածված Covid-19 համավարակով, ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Այս իրադարձությունը մեծապես խորացրել են համաշխարհային մատակարարման շղթաներում առկա խնդիրները և հանգեցրել ապրանքահումքային շուկաներում գների կտրուկ աճի։ Տարվա սկզբից եկամտաբերության նման ցածր ցուցանիշեները կարելի է բացատրել տեղական և համաշխարհային շուկաներում ակտիվների գների անկմամբ, ինչպես նաև՝ ՀՀ դրամի արժևորմամբ։
2022 թվականի առաջին կիսամյակում ֆոնդերը գրանցել են աննախադեպ ցածր եկամտաբերություն։ Կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդերում համապատասխանաբար կազմելով -6,3, -9,8 և -10,6%:
Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ կանխատեսումներ անելը, թե ապագայում ինչպիսին կլինի ֆոնդերի եկամտաբերությունը, բարդ է, բայց սովորաբար անկումներին հետևում են վերելքները և այս պահին դժվար է ասել, թե օրինակ տնտեսական ճգնաժամը կամ գնաճային միտումները ինչքան կտևեն։
Կարևորը, ըստ ֆոնդերի եկամտաբերության մեկնաբանության, սակայն այն է, որ վնասներն իրացված չեն։ Ճիշտ է՝ ֆոնդերում առկա ֆինանսական գործիքների գները նվազել են, սակայն այդ գործիքները չեն վաճառվել ցածր գներով, և վնասները չեն իրացվել։ Սա նշանակում է, որ ֆինասական շուկաների վերականգնմանը զուգահեռ կվերականգնվեն նաև ֆոնդերի չիրացված վնասները։
Նշվում է նաև, որ ֆոնդերն ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն, և չնայած ֆոնդերի բացասական կիսամյակային եկամտաբերությանը՝ ֆոնդերը երկարաժամկետ հատվածում հակված են վերականգնվելու կարճաժամկետ անկումներից։
Վովա Հակոբյան