ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակությունն ապացուցող հստակ մեսիջ կլինի, եթե ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրի Վաշինգտոն՝ բանակցություններ կազմակերպելու նպատակով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ գուժում է Մինսկի խմբի անգործունակության մասին։ Առաջին անգամ ապրիլին էր, երբ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան կասկած հայտնեց Մինսկի խմբի հետագա ճակատագրի վերաբերյալ, «քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսատյացության արշավի ընթացքում ձգտում են չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը»:  Երկրորդ անգամ օրերս Բաքվում նա հայտարարեց, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ»։  

Ակնհայտ է, որ խմբի անդամների միջև կա կոմունիկացիայի խնդիր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմից հետո ի հայտ եկած իրավիճակով։ Եվ մինչ Լավրովը  որերորդ անգամ ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներին է մեղադրում խմբի աշխատանքները տապալելու մեջ՝ կասկածի տակ դնելով խմբի կենսունակությունը, ԱՄՆ-ն նոր համանախագահ է առաջադրում՝ այսպիսով ոչ միայն վերաթարմացնելով իր ներկայությունն այդ ֆորմատում, այլև փաստերով այդ կառույցի կենսունակությունը։  Ի՞նչ ճակատագիր է սպասվում վերոհիշյալ կառույցին, որը ՀՀ-ն դիտարկում է որպես ԼՂ խնդրով զբաղվող միակ լեգիտիմ ֆորմատ ու հանդես է գալիս այդ ֆորմատի շրջանակներում խնդրի համապարփակ կարգավորման օգտին։  

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը  Civic.am-ի հետ զրույցում նկատեց, թե չի կիսում մեր այն լավատեսությունը, որ խմբի անդամների միջև առկա է կոմունիկացիայի խնդիր։ «Կողմերը ոչ թե կոմունիկացիայի, այլ շահերի արմատական տարբերության խնդիր ունեն։ Թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ դրան հաջորդած ռուս-թուրքական «3+3» ձևաչափը, ոչ այլ ինչ են, քան փորձ՝ Արևմուտքին դուրս մղելու մեր տարածաշրջանից, այս տարածաշրջանում որոշում կայացնելու գործընթացից։ Եվ հենց այս համատեքստում է պետք   տեսնել ՌԴ-ի վարքագիծը, որը վերջին լարումների ֆոնի վրա անթաքույց փորձեր է  անում անվերադարձ կերպով հեռացնելու Արևմուտքը՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, տարածաշրջանում որոշումների, մասնավորապես՝ Արցախյան հարցում որոշումների կայացումից։ Սրան, բնականաբար, հակադրվում է Արևմուտքը, և մեծամասամբ այդ հակադրումը տեղի է ունենում առայժմ վերբալ դաշտում, այսինքն՝ միայն հայտարարությունների  մակարդակով։   Ես շատ փոքր, բայց հույս  ունեմ, որ մենք կտեսնենք նաև որոշակի գործողություններ։ Ինչ նկատի ունեմ գործողություն ասելով. շատ հստակ մեսիջ կլինի, եթե ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրի Վաշինգտոն, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ բանակցություններ կազմակերպելու նպատակով։ Այ սա իրապես կլինի գործողություն։ Իսկ եթե չլինեն նման կոնկրետ գործողություններ, և երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, շարունակեն իրենց պայքարը հանուն Մինսկի գոյության միայն հայտարարությունների մակարդակով, ապա մենք, այո՛, մոտ ապագայում հնարավոր է  տեսնենք Մինսկի խմբի վախճանը։

Միայն ՀՀ-ի ցանկությունն ու կամքը բավարար չեն, որպեսզի այս կառույցը շարունակի գոյություն ունենալ»։ 

Իսկ թե ինչ տեղի կունենա, եթե Մինսկի խումբը դադարի իր գոյությունը, քաղաքագետի կանխատեսումները մռայլ են։ «Խմբի աշխատանքների դադարեցմանը հաջորդելու է արդեն բացահայտ և իրավական ֆորմատով ռուս-թուրքական ձևաչափի հաստատումը տարածաշրջանում ընդհանրապես և մասնավորապես ԼՂ հիմնահարցը լուծելու ուղղությամբ։ 44-օրյա պատերազմը հենց այս՝ ռուս-թուրքական ձևաչափի առաջին ակտն էր։ Եվ եթե Արևմուտքը չի ցուցաբերում բավարար դիմադրություն, ապա հակառակ կառույցի ձևավորումը տեղի է ունենում, հաջորդիվ էլ սկսում են այդ ֆորմատի ակտիվ  աշխատանքներ»։ 

Նկատեցինք, որ Մինսկի խմբի անդամները չեն սահմանափակվում միայն եռանախագահությամբ, խմբի անդամ են նաև մասնավորապես Գերմանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Բելառուսը։  Ինչպիսի՞ն պետք է լինի ստեղծված իրավիճակում Մինսկի խմբի  անդամ մյուս պետությունների դիրքորոշումը՝ գլոբալ շահերի համատեքստում եռանախագահության ֆորմատի գործունեությանը զարկ տալու առումով։ «Էականն այստեղ համանախագահների դիրքորոշումն է,   հիմնական, սկզբունքային  որոշում կայացնողը Արցախի հարցում ի սկզբանե հենց եռանախագահությունն է եղել։ Այժմ, երբ եռանախագահության գոյության-չգոյության խնդիրն է դրված,  մենք որոշել ենք հանկարծ հիշել, որ էլի անդամներ կան խմբում։

Որոշում կայացնողները քանի որ համանախագահներն են, հետևապես ըստ նրանց կայացրած որոշման էլ կորոշվի խմբի ճակատագիրը՝ լինե՞լ, թե՞ չլինել»։ Քոչինյանը այս համատեքստում  ընդգծեց, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի շարունակականության ուղղությամբ, ակտիվացնի աշխատանքը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ 

«Բայց միևնույն ժամանակ մենք պետք է նաև պատրաստ լինենք վատ տարբերակին։ Այսինքն՝ եթե Մինսկի խմբի համանախագահությունը ի վերջո տապալվում է, ապա մենք պետք է պատրաստ լինենք աշխատելու ռուս-թուրքական ձևաչափի շրջանակներում, իսկ դրա համար մենք այսուհետ պետք է ֆիքսենք, որ մեզ համար դառնալու է առաջնահերթություն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։ Որովհետև եթե մենք չենք ունենում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում,  մեթոդաբանական առումով հայտնվում ենք նույն կարգավիճակում,  որում հայտնվել էր Առաջին Հանրապետությունը, երբ մեր պետական այրերը, ճիշտ չկողմնորոշվելով, որ հասունացել է Քեմալի հետ բանակցությունների գնալու անհրաժեշտությունը, փաստորեն, բաց թողնելով այդ պահը, հայտնվեցին այն իրավիճակում, երբ Քեմալը բանակցությունների գնաց բոլշևիկների հետ, և Առաջին Հանրապետությունն անկում ապրեց՝ կիսվելով Քեմալի և բոլշևիկների միջև։

Մեթոդաբանական առումով, ինչպես ասացի, նման իրավիճակ կարող է կրկին ստեղծվել, երբ ՀՀ-ն, հայտնվելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև, չի խոսում Թուրքիայի հետ, Թուրքիան  էլ շատ հնարավոր է, որ իր հարցերը լուծի ՌԴ-ի հետ, որն էլ մեր հաշվին զիջումների կգնա և կստանա իր դիվիդենդները։  Այ ամենավատ տարբերակը սա է, որից խուսափելու համար պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ՝ կարգավորելով հարաբերությունները, և եթե ինչ-որ զիջումներ անելու խնդիր առաջանա, ապա մենք ինքներս անենք այդ զիջումները, այլ ոչ թե թողնենք, որ մեր հաշվին  դա անի ՌԴ-ն՝ համապատասխանաբար ստանալով իր ստանալիքը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։  
 
Հեղինե Մանուկյան