Civic.am-ի զրուցակիցն է Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը։
-Պարոն Նահապետյան, Հայաստանի կենտրոնական բանկը 2020թ․ դեկտեմբերից բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը զսպելու նպատակով։ Մեզ հետ զրուցող տնտեսագետները նշում են, որ այդ քայլով Կենտրոնական բանկը ճնշում է տնտեսական ակտիվությունը։ Արդյոք շարունակաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը չի՞ հանգեցնի տնտեսական ճգնաժամի։
-2020թ.դեկտեմբերից Կենտրոնական բանկը բարձրացրեց քաղաքականության տոկոսադրույքը՝ այն ժամանակ արդեն մեր վերլուծաբանների համար ակնհայտ էր, որ մենք մտնում ենք գնաճային փուլ և պետք է համարժեքորեն արձագանքել՝ գնաճային սպասումները խարսխելու նպատակով։ Ամբողջ 2021թ. ընթացքում մենք շարունակեցինք այդ քաղաքականությունը՝ տարվա ընթացքում 2,5 տոկոսային կետով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց Հայաստանի Հանրապետությունում։ Եվ տարվա վերջում մենք արդեն տեսնում ենք այդ քաղաքականության արդյունքը՝ գնաճի զսպման առումով՝ նկատելի էր գնաճի նվազման տենդենցը։ 2022թ առաջին 2 ամսվա արդյունքում մենք ունեինք գնաճի նվազում՝ փետրվար ամսին արձանագրվեց 6,5 տոկոս գնաճ։ Եթե համեմատենք տարվա վերջին՝ 9,6 տոկոսից մենք կարողացանք հասնել 6,5 տոկոս գնաճի։ Մեր տարածաշրջանի այլ երկրներում մենք նկատեցինք այլ պատկեր, երբ կենտրոնական բանկերը բավական ուշ արձագանքեցին այդ գնաճային միտումներին և իրենք ստիպված եղան ավելի կտրուկ քայլեր կատարել և արդյունքում ոչ միայն ունեցան տոկոսադրույքի ավելի կտրուկ բարձրացումներ, այլև արձանագրեցին ավելի բարձր գնաճ։ Եվ դա փաստում է, որ ՀՀ կենտրոնական բանկի վաղաժամ իրականացված քայլերը տվեցին իրենց արդյունքը։ Մենք կարողացանք երկարաժամկետ հատվածում ապահովել գնաճի տրենդի նվազում։
-Իսկ տնտեսության մեջ ճգնաժամ չի՞ առաջանա։
-Չեմ կարծում, որ դա ճգնաժամ կառաջացնի, որովհետև դրամավարկային քաղաքականությունն ինքնին նպաստում է միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կայուն միջավայրի ձևավորմանը։ Այդ կայուն միջավայրն է, որ նպաստելու է տնտեսական աճին։ Եթե մենք ունենանք բարձր գնաճ չենք կարող որևէ ձև մեր երկիրը խթանել ո՛չ ներդրումների աճին, ո՛չ տնտեսական աճին։
-Տնտեսագետները նշում են, որ այսօր աշխարհում տիրող գնաճը հզոր բնույթի է և Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու գործիքակազմը սահմանափակ ազդեցություն ունի գնաճի վրա։
-Այսօր աշխարհը գտնվում է բարձր գնաճային միջավայրում, բայց մեր գործիքակազմը բավարար է գնաճի կայուն մակարդակն ապահովելու միջնաժամկետ հատվածում։ Մեզ նույնպես հետաքրքրում էր այն հարցը, թե ինչ կլիներ, եթե Կենտրոնական բանկն ավելի կտրուկ արձագանքեր գնաճային սպասումներին։ Իհարկե, մենք կարող էինք 2021թ. ավելի կտրուկ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց մենք դրանով կունենայինք ավելի զսպող ազդեցություն, քան ունեցանք։ Կարող էինք, իհարկե, չարձագանքել ընդհանրապես և դա կբերեր մեզ մոտ շատ բարձր գնաճի։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք ժամանակին չարձագանքեինք՝ կունենայինք մոտավորապես 13 և բարձր տոկոսի գնաճ, իսկ եթե մենք բարձր՝ կտրուկ արձագանքեինք, որպեսզի գնաճը շատ ավելի վաղ ժամկետում բերեինք մեր նպատակային թիրախին՝ մենք պետք է մեր տոկոսադրույքը բարձրացնեինք 20 տոկոս և ավելի։ Մենք ընտրել ենք հավասարակշռող քաղաքականություն, որպեսզի տնտեսության համար շատ ավելի նվազ ծախսերով կարողանանք ապահովել կայուն միջավայր։
-Կենտրոնական բանկի նախագահը պարբերաբար նշել է, որ պարենի համաշխարհային գներն աճում են, արդյոք կա՞ կանխատեսում, թե այդ գնաճը երբ կմարի և հայաստանյան շուկայում գնաճն արդյոք մեծավմասամբ պայմանավորված է արտաքին հատվածի ազդեցությամբ։
-Պարենի միջազգային գներն աճում են և այս տարի մենք դեռ կգրանցենք գնաճ այդ ոլորտում։ Մեր խորհրդի վերջին նիստում, երբ անդրադարձանք վերաֆինանսավորման տոկոսադրույքին, մենք նաև անդրադարձ կատարեցինք դրան։ Մենք հայտարարել ենք, որ գնաճային միջավայրի հետագա խստացման պարագայում Կենտրոնական բանկը կկիրառի համապատասխան գործիքակազմ՝ գնաճը զսպելու համար։ Ես ուզում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս պահին մեր կողմից իրականացված քայլերը կապահովեն միջին ժամկետում թիրախային մեր գնաճի ապահովումը, որը 4 տոկոս է։
-Քանի որ Կենտրոնական բանկը կանխատեսել է արդյունաբերության և շինարարության ճյուղերում անկում՝ սա նշանակու՞մ է, որ այս ոլորտներում սպասելի են նաև աշխատուժի կրճատումներ։
-Մենք նման արձանագրում իրականացրել ենք։ Տեղի կունենա աշխատուժի կրճատում, թե ոչ՝ դժվար է միանշանակորեն կանխատեսում անել, որոշակիորեն, իհարկե, արդյունաբերության կրճատումը կարող է դրա վրա անդրադառնալ, բայց նման որոշումները բիզնեսն է կայացնում՝ կախված դժվարությունների բնույթից:
-Անդրադառնալով փոխարժեքին՝ նշեմ, որ եթե մոտ մեկ ամիս առաջ քաղաքացիներն անհանգստանում էին ռուբլու արժեզրկումից, հիմա մենք տեսնում ենք, որ ռուբլու փոխարժեքը բարձրանում է, իսկ դոլարն արժեզրկվում է: Սա ինչո՞վ է պայմանավորված և եթե շարունակություն ունենա դոլարի արժեզրկումը ի՞նչ հետևանքների կհանգեցնի։
-Մեզ մոտ գործում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, և փոխարժեքը ձևավորվում է շուկայում։ Այս պահին մենք ունենք դրամի արժևորում, և դա խոսում է այն մասին, որ կապիտալ հոսքերի առումով մենք ունենք բավական դրական պատկեր և հաշվի առնելով միջազգային գնաճային միջավայրը և հաշվի առնելով, որ Հայաստանը որոշակի ներմուծում է այդ գնաճը՝ դրամի արժևորումը կարող է շատ դրական դեր խաղալ և գնանկումային ազդեցություն ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարա Մարտիրոսյան