«Ամբողջ աշխարհում թանկացում կա՝ ակնկալում ենք աշխատավարձը բարձրանա». ինչ գործիքակազմ է պետք եկամուտների աճը գնաճին մոտեցնելու համար․ տեսանյութ
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին թանկացումները հատկապես ակնառու են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում. օրինակ՝ 2021թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակին գները թանկացել են 12,1 տոկոսով։ 

«Թանկացել են հատկապես կաթնամթերքը, մսամթերքը, ամեն ինչն էլ թանկացել է։ Եթե աշխատավարձը բարձրանա՝ ամբողջ աշխարհում, մեկ է, սա կա, պետք է հարմարվենք, ուրիշ հնարավորություն երևի չկա»․-Civic.am-ի հետ զրույցում նշում է խանութից պարեն գնող քաղաքացիներից մեկը։ 

Գնաճը մեղմելու նպատակով Հայաստանի Կենտրոնական բանկը մարտ ամսին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել էր, որ պարենի համաշխարհային գները բարձրանում են, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենան։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ գների զսպման գործիքները, որոնք ունի Կենտրոնական բանկը, ունեն սահմանափակ ազդեցություն՝ կախված նրանից, թե գնաճն ինչ աղբյուրներ ու ծավալներ ունի. «Մենք վերջին ամիսներին բախվում ենք աննախադեպ գնաճի հետ, երբ որ պարենի համաշխարհային գները միջինում ավելանում են 20-25 տոկոսով, առանձին պարենամթերքի պարագայում գնաճն ավելի բարձր է։ Կամ, օրինակ, ցորենի համաշխարհային գների տարեկան աճը 80-90 տոկոս է կազմում՝ ընդհուպ մինչև կրկնակի աճ է արձանագրվել։ Այս ամենն անմիջականորեն փոխանցվում է մեր տնտեսություն, և աշխարհի որևէ կարգավորող մարմին չունի այնպիսի գործիքներ, որպեսզի կարողանա ամբողջությամբ չեզոքացնել այսօրինակ հզոր գնաճի ազդեցությունը»։ 

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում թանկացումներն այնքան էլ սուր չեն արտահայտված, որքան Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներում, ինչպես նաև Թուրքիայում և Վրաստանում․ «Թուրքիայում գնաճը 50 տոկոս է։ Մենք խոսում ենք Հայաստանում բարձր գնաճի մասին՝ վերջին ամիսներին 6,5-7 տոկոսի տիրույթում է, բայց 50 տոկոսի հետ համեմատելի չէ»։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը հավաստում է՝ մենք չենք կարող անմասն մնալ աշխարհում առկա գնաճից, բայց պետք է կարողանանք մեղմել այն։ Նա ընդգծում է, որ բացի Կենտրոնական բանկի գործիքակազմից, շատ կարևոր է, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունը ինտենսիվ աշխատանք կատարի տնտեսվարողների հետ՝ հասկանալու բիզնեսի աջակցման ինչ մեխանիզմներ կարող են գտնել, որպեսզի ներկրողները մի երկիրը մյուսով փոխարինելու պարագայում  Հայաստանի շուկան ապահովեն համարժեք ապրանքով՝ մի փոքր ավելի ցածր գնով. «Օրինակ՝ Թուրքիան փակ էր մեր երկրում, պետք էր հասկանալ, օրինակ, տեքստիլը որ երկրով էինք փոխարինելու՝ պայմանական Չինաստան։ Բիզնեսի տրամաբանության տեսանկյունից՝ Թուրքիան ու Չինաստանն էական տարբերվում են՝ 3000-4000 դոլար ունեցողը կարող է գնալ Թուրքիայից ապրանք բերի, իսկ 4000 դոլար ունեցողը չի կարա գնա Չինաստանից ապրանք բերի։ Պետությունը պետք է հասկանա՝ ոնց անի, որ խոշորացում ապահովի, որ բիզնեսի միավորման գնալը նպատակահարմար լինի՝ խոշորանանք, այլընտրանք ստեղծենք։ Այս իմաստով, ցավոք սրտի, էկոնոմիկայի նախարարությունը այդ աշխատանքը լավ չկատարեց»։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ եթե պետությունը հասկանում է, որ գնաճը զսպելու այլ գործիքակազմ չունի, և կյանքն ավելի է թանկանում, քան մարդկանց եկամուտներն են ավելանում, ապա պետք է ավելացվեն մարդկանց եկամուտները. «Ինչ վերաբերում է եկամուտների ավելացմանը, սոցիալական համապատասխան ծրագրերին, այստեղ արդեն էկոնոմիկայի անելիքը չի, ընդհանուր պետության անելիքն է՝ սկսած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, վերջացրած ֆինանսների նախարարությունով, պետք է մտածեն գործիքակազմեր, որպեսզի եկամուտների աճը գոնե մոտեցնեն գնաճին։ Եթե գնաճը գերազանցում է եկամուտների աճը, մենք գործ ենք ունենում կյանքի վատացման հետ»։ 

Հայստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը նշում է՝ նախարարության մասնագետները ջանք չեն խնայում նոր աշխարհաքաղաքական իրավիճակում տնտեսվարողներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ համագործակցելով թե արտահանողների, թե ներմուծողների հետ. «Նախարարությունն այսօր իրականացնում է օրինակ՝ պարարտանյութի սուբսիդավորման նախագիծը, որի նպատակն է պարարտանյութի գների համաշխարհային թանկացումների պայմաններում աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվողներին և միևնույն ժամանակ դրանով մեղմել հնարավոր գնաճը գյուղատնտեսական ապրանքների մասով»։ 
Գայանե Անտոնյանը հիշատակեց նաև, որ ապրիլի 5-ի Եվրասիական տնտեսական միության նիստի ժամանակ կայացվել է որոշում, ըստ որի՝ մի շարք ապրանքատեսակների համար կզրոյացվի ներմուծման մաքսատուրքը. «Որոշումը շուտով ուժի մեջ կմտնի, և ապրանքների ցանկը բավականին լայն է՝ այն նաև կհրապարակվի նախարարության կայքում։ Մենք նաև սերտ համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, և որպես օրինակ նշեմ՝ վերջերս ՌԴ կառավարության կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ արգելք դրվեց ցորենի և մի շարք ապրանքների արտահանման վրա, բանակցությունների արդյունքում արգելքը հանվել է ԵԱՏՄ երկրների համար, և այսօր ցորենի ներմուծումը Հայաստան իրականացվում է անխոչընդոտ»։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում